Պատասխանել է

««Վայրենուհին» ամենայն հավանականությամբ, կառաջադրվի»` 168.am-ում հրապարակված լուրը զայրացրել է ՀՌԱԿ անդամ, Աշտարակի բնակչուհի Հայրենուհի Կարապետյանին: Նա դիմել է խմբագրություն` պահանջելով հրապարակել նաև իր պատասխան-նամակը: Ի դեպ, նա իր անունը որևէ լրատվամիջոցում տեսնելուն պես` անմիջապես «կենսագրական» տվյալներ պարունակող փաթեթը ձեռքին գնում է տվյալ լրատվամիջոց` չդադարելով պատմել, թե ինքը ինչ մեծ գործեր է արել Աշտարակի, դպրոցի և ազգի համար: Ստորև ներկայացնում ենք նրա նամակն ամբողջությամբ, որն, ի դեպ, ոչ մի կապ չունի տպագրված լուրի հետ. բացառությամբ «Վայրենուհի» անունը:

«Հոդվածագիր Լուսինե Ստեփանյանն անհիմն տեղեկատվություն է տարածել` ոտնահարելով իմ պատիվն ու արժանապատվությունը, իմ բարի համբավը: 46 տարիների ընթացքում (ես ինչքան էլ որ եղած լինեմ պայքարի բովում) երբեք չեմ լսել, որ որևէ մեկն ինձ նման մականունով կոչի: Դպրոցում կոռուպլցիայի դեմ երկարատև պայքարի արդյունքում ազատել են չորս տնօրեն: Նախորդ տնօրենը ազատվելուց առաջ ինձ խիստ նկատողություն հայտարարեց՝ առանց բացատրություն պահանջելու՝ այն պատճառով, որ ես ընդդիմացել եմ անվճար դասագրքերի համար անօրինական դրամահավաքին:

Հաջորդ տնօրեն Ա.Մկրտչյանը, որը մեր դպրոցի ուսուցչուհի է, լավ ճանաչելով իմ սկզբունքայնությունը` հոգաբարձուների անվան տակ դրամահավաքություն կազմակերպեց, որին ես ընդդիմացա և ստացա երկրորդ խիստ նկատողությունը, և երկու չմարված նկատողության պատճառով լուծեց իմ աշխատանքային պայմանագիրը: Իմ պայքարը եղել է օրենքի սահմաններում: Լինելով տարրական մասնախմբի մեթոդ միավորման նախագահ, և մարդու իրավունքների պաշտպանության, «Իրավագետ սերունդ» հ/կ-ի նախագահ, պաշտպանել եմ ուսուցիչների շահերը, խոչընդոտել տնօրենի և մարզպետի կողմից տարրական դասարանների դասաժամերը աճուրդի հանելուն: Տնօրենը մի քանի ուսուցիչների օգտագործելով իմ դեմ` կազմակերպեց մի աննախադեպ գործրնթաց, իբր ես հայհոյել եմ իրեն՝ ներքաշելով ուսուցիչներին և անգամ աշակերտներին: Տնօրենր դիմեց ոստիկանություև և հարուցվեց քրեական գործ, կատարվեց նախաքննություն, գործը ուղարկվեց դատարան:

Մեկ տարվա ընթացքում ղատարանը (Դատավոր Ռ. Բարսեղյան) մանրակրկիտ հետադասեց բոլոր ապացույցները, որի արդյունքում մեղադրողը հրաժարվեց մեղադրանքից: 2012թ. մայիսի 24-ին դատարանը արդարացրեց ինձ: Դժգոհ լինելով դատարանի որոշումից` ինձ համար անհայտ անձինք անցան սև PR-ի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ես ցանկություն էի հայտնել որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելու: Բայց ինձ համար պարզ է, որ առնվազն պետք է լինես ոչ հայրենասեր, որ Հայրենուհի անունը դարձնես «Վայրենուհի»: Չէ՞ որ մենք վայրենի ազգ չենք:

Դրանով իսկ վիրավորել եք ոչ միայն ինձ, այլ նաև Աշտարակ քաղաքի ամբողջ հասարակությանը, որը իմ 46 տարվա մանկավարժական աշխատանքի ժամանակ եղել են կամ իմ աշակերտները, կամ` նրանց ծնողները: Ի դեպ, «Վայրենուհի» մանկավարժին 46 տարի չէին հանդուրժի դպրոցում: Ցավալի է, որ հոդվածի հեղինակը և ինֆորմացիա տվողներր շփոթել են դպրոցը կալանավայրի հետ, որտեղ տարածված է մականունով դիմելը: 63 տարվա մեջ ես և բոլոր աշտարարակցիները առաջին անգամ ենք լսում նման մականուն: Նկատի ունենալով, որ ես ավագանու թեկնածու եմ առաջադրվել, ուստի խնդրում եմ մինչև 23.09.2012թ. տպել հերքում և միաժամանակ հայտնել ինձ, թե ով է հանդիսացել վերը նշված հոդվածի պատվիրատուն»:

Հ.Գ. Հաշվի առնելով ԶԼՄ-ների մասին հոդվածը, մենք հրապարակում ենք վերոնշյալ պատասխան-նամակը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս