«Վարչապետին խորհուրդ կտամ ատկատներն այլ գերատեսչություններում փնտրել»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին խորհուրդ է տալիս նախագահ Սերժ Սարգսյանի խիստ նկատողությունը՝ առողջապահության և քաղաքաշինության ոլորտում եղած «ատկատների» մասին, փնտրել այլ գերատեսչություններում:

«Կառավարության ղեկավարին խորհուրդ եմ տալիս, ատկատները այլ գերատեսչություններում փնտրել, իսկ թե որտեղ պետք է փնտրել, վստահ եմ, որ վարչապետը դրանց մասին հրաշալի տեղյակ է»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ պատգամավորը:

Կայքը հիշեցնում է, որ մեկ շաբաթ առաջ Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը խիստ քննադատության էր ենթարկել, հատկապես, մրցույթներն իրենց ծանոթներին տալու գործելաոճը, առողջապահության և քաղաքաշինության ոլորտում առկա «ատկատները», ինչպես նաև դեղերի շուկայում առկա իրավիճակը: Այնուհետ, վարչապետի հանձնարարականով նյութեր ուղարկվեցին իրավապահ մարմիններին:

Նշենք, որ ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նախկին նախարարներ Հարություն Քուշկյանն ու Վարդան Վարդանյանը ԲՀԿ-ականներ են:

Կարդացեք նաև

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կայքի թղթակցի հետ զրույցում նշել է, թե ինքը չի բացառում, որ նախագահ Սերժ Սարգսյանի դիտողությունները վերաբերում էին հե՛նց ԲՀԿ նախկին նախարարներին։

«Ուղղակի վստահ եմ, որ նրանք որևէ չարաշահման հետ որևէ առնչություն չեն ունեցել: Ես որքան տեղյակ եմ, Ազգային գրադարանի հետ կապված գործերը հանձնվել են համապատասխան գերատեսչություններին, և վստահ եմ, որ մենք հստակ պատասխան կստանանք հնչեցրած հարցերին»,- ասել է նա։

Նաիրա Զոհրաբյանը միաժամանակ ավելացրել է, որ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին «մերկապարանոց մեղադրելը պատիվ չի բերում որևէ մեկին՝ լինի դա Կառավարության ղեկավար, նախարար, թե որևէ այլ պաշտոնյա»:

Նաիրա Զոհրաբյանը տեղյակ չէ նաև, թե Ազգային գրադարանի 700 մլն դրամի աշխատանքները կիսով չափ են կատարվե՞լ, թե՞ ոչ, սակայն համոզված է, որ դրանց հետ նախկին նախարարը կապ չունի:

«Ես ոլորտի մասնագետ չեմ, բայց եթե անգամ եղել են չարաշահումներ, չեմ կարծում, որ այստեղ կա նախարարի մեղքը: Համենայնդեպս, սպասենք, թե առաջիկայում ինչ պատասխաններ կտան: Անհրաժեշտության դեպքում Վարդան Վարդանյանը ևս հանդես կգա պարզաբանմամբ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Առողջապահության ոլորտին, ապա Ն. Զոհրաբյանը նշել է, որ ոչ ոք չպետք է կասկածի Հարություն Քուշկյանի պրոֆեսինոլաիզմին։

«Վստահ կարող եմ ասել, որ առողջապահության այն ռեֆորմներն ու բարեփոխումները, որ կատարեց Հարություն Քուշկյանը համակարգում և այն պրոֆեսիոնալիզմը, որ Հարություն Քուշկյանն ուներ որպես նախարար, այսօր Կառավարությունում շատերն, ուղղակի, մոտ անգամ չեն կարող լինել նրան, որպես ոլորտի մասնագետ»,- ասել է նա:

Նաիրա Զոհրաբյանը չի ժխտել կայքի այն դիտարկումը, թե հնարավո՞ր է, որ այսկերպ իշխանությունը փորձ է անում ճնշումներ գործադրել ԲՀԿ-ի վրա։

«Չէի ցանկանա այս պահին նման վերջնական գնահատական տալ, համենայնդեպս, ինչ-որ հարցեր, իհարկե, իրենց մեջ պարունակում են, և, իհարկե, իրավունք ունենք նման մտահոգություն ունենալու»,- հայտարարել է Ն. Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս