Թ. Մանասերյան. «Կարելի էր խուսափել շատ սխալներից, եթե չլիներ բանիմացության պակասը»
Անկախության տարիները Հայաստանի տնտեսության տեսանկյունից եղել են միանշանակ ոչ գնահատվող տարիներ, եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ ձախողումներ, և՝ բավական լուրջ: Այս մասին 168.am-ին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
«Գրեթե բոլոր հետխորհրդային տերություններին բնորոշ են փորձությունները և դրանց հետ կապված սխալները, այդուհանդերձ, ես հակված եմ մտածել, որ կարելի էր խուսափել շատ սխալներից, եթե չլիներ բանիմացության պակասը»,- ասաց տնտեսագետը՝ ավելացնելով, որ գործ ունենք մի բարդույթի հետ՝ մտածում ենք, որ այն, ինչ անում ենք, դա լավագույնն է: Ըստ Թ. Մանասերյանի, բոլոր բարեփոխումներն անշրջելի են։ Սակայն ասել, որ մենք դեպի բարեկեցություն տանող ճանապարհին ենք, սխալ կլինի, քանի որ դեռևս չի մշակվել զարգացման այն մոդելը, որը համապատասխանեցված կլինի Հայաստանին և կկարողանա պայքարել համաշխարհային մարտահրավերների դեմ: «Այնուամենայնիվ, Հայաստանում առկա է պոտենցիալ` ահռելի և անսահմանափակ, որը դեռևս չի հաջողվել մոբիլիզացնել: Մարդկային, բնական, ֆինանսական և արտադրական ռեսուրսները մենք դեռ չենք հաշվառել, իսկ առանց դրա խոսել կազմակերպված զարգացման մասին՝ կարելի է վերապահումով: Հայաստանի ապագան շատ առավել պայծառ կլինի, եթե մենք ուղղակի կառուցենք ազգային՝ սոցիալական ուղղվածությամբ պետություն»,- կարծում է Թ.Մանասերյանը: