
Ջութակահար Հրաչյա Ավանեսյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը

Բելգիայում բնակվող հայ ջութակահար Հրաչյա Ավանեսյանն իր հաղթանակներին ավելացրեց ևս մեկը: Նա ամերիկացի ջութակահարուհի Էնն Ակիկո Մեյերսի հայտարարած համացանցային մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Մեյերսն անձամբ է հետևել մրցույթին, և, ըստ այդ մրցույթի կանոնների, բոլոր մասնակցել ցանկացողները պետք է համացանցով իրենց կատարումներից տեսաձայնագրություն ուղարկեին նշված հասցեին: Մի քանի օրվա ընթացքում մասնակիցների թիվը հասել է 1000-ի: Ինչպես Հրաչյա Ավանեսյանի հայրիկն է ասում, իր տղան անգամ ժամանակ չի ունեցել անձամբ տեսանյութն ուղարկելու, փոխարենը՝ խնդրել է եղբորն այդ գործն անել:
Եղբայրը՝ Սևակը, առաջին պատահած տեսանյութը՝ Մոցարտի թիվ 3 ջութակի կոնցերտն է ուղարկել: Կարճ ժամանակ անց հայտարարվել է Հրաչյա Ավանեսյանի անունը` որպես առաջին մրցանակակիր: Նա որպես մրցանակ՝ ստացել է 5000 եվրո արժողությամբ աղեղ: