Արամ Կարապետյանը շնորհակալ է հրավերի համար, բայց մնում է տանը

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Հայաստանի անկախության 21-ամյակը պատրաստվում է տոնել ընտանեկան միջավայրում:

168.am-ի հետ զրույցում Արամ Կարապետյանն ասաց, որ ՀՀ նախագահական նստավայրում Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանն ինքը չի մասնակցելու:

«Չնայած հրավիրված եմ այդ մեծ տոնակատարությանը, որը Սերժ Սարգսյանն է կազմակերպում, բայց  չեմ մասնակցելու: Նախընտրում եմ նմանատիպ տոները տանն անցկացնել»,- ասաց Ա. Կարապետյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է մերժում հրավերը, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Ես երբևէ չեմ գնացել, չնայած, անկեղծ ասած, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ինձ չէին էլ հրավիրում: Ըստ իս՝ Հայաստանում այնպիսի վիճակ է, որը թույլ չի տալիս, որ նմանատիպ տոնակատարությանը մասնակցեն բոլորը: Իհարկե, շնորհակալ եմ հրավերի համար, բայց մնում եմ իմ կարծիքին, որ Հայաստանում դեռ լուրջ փոփոխություններ չեն եղել, որ կարողանանք բոլորս միասին տոնել»:

Կարդացեք նաև

Արամ Կարապետյանը նաև հավելեց, թե ինքը երբևէ թատերական երևույթներ չի սիրել, բայց ուրախ է, որ Հայաստանն անկախ ու ազատ է: «Ես մի վախ ունեմ, որ, երբ ժողովրդին իրավամբ հարցնենք, թե իրենք իսկապե՞ս ցանկանում են ապրել անկախ պետությունում, ինչպիսին այժմյան Հայաստանն է, թե՞ ցանկանում են վերադառնալ որևէ կայսրություն, պատասխանների մեծ մասը կլինեն` «այն ժամանակ ավելի լավ էր»: Սա իրողություն է»,- ընդգծեց Կարապետյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ն ունի ստատուս, անհրաժեշտ ատրիբուտներ՝ դրոշ, օրհներգ, զինանշան, բայց կյանքում չի կարողանում հասարակությանն ապացուցել, որ ազատ լինելը ճիշտ է, որին հասնելու համար, Ա. Կարապետյանի պնդմամբ` խոչընդոտում են բարոյահոգեբանական մթնոլորտը, դեգրադացիան, աշխարհաքաղաքական ոչ հարիր մոտեցումները, մենաշնորհները և այլն:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս