
ԱՄՆ դեսպանատունը` Վարդան Այվազյանի մասին

Արդյոք ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ցանկության դեպքում կթույլատրե՞ն մեկնել ԱՄՆ` հաշվի առնելով այն փաստը, որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ի Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ` Վ. Այվազյանի հանդեպ կատարման համար հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի, ըստ որի` նրանից պետք է գանձվի մոտ 37,5 միլիոն դոլար:
168.am-ի այս հարցին ի պատասխան, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից գրավոր պատասխանել են. «Մուտքի արտոնագրերի առանձին գործերի քննարկման պրակտիկա մենք չունենք, սակայն վերջնական որոշումներ կամ վճիռներ կայացվում են միայն մուտքի արտոնագրի դիմում ներկայացնելուց և հարցազրույց անցնելուց հետո»:
Իսկ հարցին, թե ամերիկյան դատարանի վճիռը կարո՞ղ է ազդեցություն ունենալ ՀՀ քաղաքացու վրա, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են. «Ամերիկյան դատարանների իրավական եզրակացությունների վերաբերյալ մենք մեկնաբանություններ չենք կարող տալ»: