Միակ ընդունելի թեկնածուն դեռևս մարքսի՞ստն է

168.am-ի հարցին, թե 2013թ. նախագահական ընտրություններին Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը կմասնակցի իր թեկնածուո՞վ, թե՞ կսատարի առաջադրվող թեկնածուներից որևէ մեկին, ՀԱՄԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, մենք դեռ չենք քննարկել այդ հարցը, դեռ ժամանակ կա: Իհարկե, մենք նախագահական ընտրությունները կցանկանայինք տեսնել ոչ թե անձերի, այլ գաղափարների և գաղափարախոսությունների պայքարում:

Հրապարակի վրա եղած բոլոր թեկնածուները, բացի Մարքսիստական կուսակցության ներկայացուցչից, որն արդեն հայտարարել է, որ մասնակցելու է, մյուսները միևնույն տնտեսական քաղաքականությունը կրողներն են՝ ազատ, շուկայական, տնտեսական քաղաքականության: Քանի որ մենք սոցիալիստական ուղղվածություն ունենք, այդ քաղաքականությունը, բոլոր այդ թեկնածուները մեզ համար ոչ այդքան ընկալելի են»:

Ըստ Սաֆարյանի` «միակ բանը, որ մենք ներկայումս կարող ենք քննարկել,  անվտանգության, աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցերն են, մասնավորապես` որ թեկնածուները որ աշխարհաքաղաքական ընկալումներն են իրենց համար դարձնում գերակա: Այդ տեսանկյունից կարող ենք կողմնորոշվել, եթե մենք մեր կողմից սեփական թեկնածու չկարողանանք առաջադրել»,- հավելեց Վ.Սաֆարյանը:

Հարցին էլ` արդյո՞ք Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը չի սատարի ՀԿԿ-ի կողմից ներկայացվող թեկնածուին, քանի որ ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը հայտարարել էր, որ իրենք անպայման ունենալու են իրենց թեկնածուն, Վ.Սաֆարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած` ես չեմ լսել ՀԿԿ-ի հայտարարությունը: Մենք նման խոսակցություն չենք ունեցել, նման դեպքում մենք պետք է կոնսուլտացիաներ իրականացնենք: Եթե նման հայտարարություն են արել, լավ կլիներ՝ նման հայտարարություն անելուց առաջ մեզ հետ խորհրդակցեին: Նման տեղեկություն չունենք, սակայն, եթե նման խնդիր լինի, դա միայն իմ կարծիքը չի կարող լինել, այդ խնդրի լուծման համար մենք կհրավիրենք ժողով և կքննարկենք դա: Մենք պատրաստվում ենք նոյեմբերին կայանալիք մեր նոր համագումարին, որի ժամանակ էլ բոլոր հարցերին կտրվեն պատասխաններ»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս