
«Շարունակել բանակցային գործընթացն այլևս հնարավոր է միայն ԼՂՀ-ի մասնակցությամբ»

Տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո Հայաստանում լայն քննարկման առարկա դարձավ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների վերանայման և Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման նպատակահարմարության հարցը: Այս առնչությամբ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Իմ կարծիքը շատ հստակ է. Դաշնակցությունը միշտ էլ հայտարարել է, հիմա էլ ասում ենք` պետք էր ժամանակին շատ ամուր հիմքերի վրա դնել ՀՀ-Լեռնային Ղարաբաղ կապը»:
Նաև հավելեց. «Ամուր ասելով՝ ես նկատի չունեմ ինչ-որ բաներ տակից, այլ` բացահայտ, իրավականորեն ապացուցվող: Խոսքս ճանաչման մասին չէ, բայց պայմանագիր ԼՂՀ-ի հետ կարող էր լինել, հիմա էլ ուշ չէ: Ինչ վերաբերում է Սաֆարովի դեպքին, դա ընդամենը առիթ է, ոչ թե պատճառ: Բայց առիթ է բավական ծանրակշիռ, և հիմա Հայաստանը պետք է պնդի Մինսկի խմբի համանախագահների մոտ, որ այլևս շարունակել բանակցային գործընթացը հնարավոր է միայն Ղարաբաղի մասնակցությամբ: Այսինքն` այն, ինչ որ արեցին ադրբեջանցիները, պարզ դարձրեց, որ առանց ԼՂՀ-ի ուղղակի մասնակցությանը բանակցություններին, գործընթացն այլևս չի կարող շարժվել առաջ»: