
Երևանում Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարան կկառուցվի

Երևանի Աբովյան պուրակին հարակից տարածքում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին կհատկացվի հողատարածք՝ Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարան կառուցելու համար: Ի դեպ, հողհատկացման հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Պուշկինի անվան զբոսայգուն հարող տարածքում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին 2004թ.-ին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել էր հողամաս, սակայն հաշվի առնելով տվյալ հողամասում կառուցապատման հետ կապված բարդությունները` առաջարկվել է տրամադրել այլ տարածք։
Հայաստանի ճարտարապետների միությունում 2011թ.-ի դեկտեմբերին տեղի է ունեցել հասարակական քննարկում` հասարակական կազմակերպությունների և հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ: Արդյունքում հավանություն է տրվել Աբովյան հրապարակին հարող տարածքում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի ստեղծման նպատակահարմարությանը։ Հողատարածքը գնահատվում է 14 մլն 40 հազար դրամ:
Նախատեսվում է 360 քառակուսի մետրի վրա կառուցել երկհարկ շինություն, որտեղ հավուր պատշաճի կհավերժացվի Հրանտ Մաթևոսյանի հիշատակը և նրա մշակութային ու հասարակական ժառանգությունը կներկայացվի հանրությանը։