Արտյուշա Շահբազյանը Արթուր Աղաբեկյանի նշանակման մասին մամուլից է տեղեկացել
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանի` ԼՂՀ փոխվարչապետ նշանակվելու մասին լուրը ՀՅԴ անդամ Արտյուշա Շահբազյանն իմացել է ոչ թե կուսակցությունից կամ անձամբ Ա. Աղաբեկյանից, այլ` մամուլից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ա. Շահբազյանը` հավելելով, թե իր կուսակցի նշանակման մասին իր կարծիքն ինքը «կհրապարակի մանրամասներին ստույգ ծանոթանալուց հետո»:
Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր, որ ՀՅԴ-ն ԼՂՀ-ում իշխանության մաս է կազմում, իսկ Հայաստանում` ընդդիմության, Ա. Շահբազյանը պատասխանեց, որ ինքն այդտեղ տարօրինակ ոչինչ չի տեսնում:
«Իսկ ինչո՞ւ չի կարող լինել: Ժամանակ է եղել, երբ այստեղ մենք եղել ենք ընդդիմություն, իսկ Արցախում՝ ամբողջական իշխանություն: Մեր պատմության մեջ նման օրինակներ շատ են եղել: Նա ուրիշ շրջան է, մենք էլ ապակենտրոն կուսակցություն ենք: Այլ խնդիր է, որ հարցեր կան, որ մեր միջև հակասություններ լինել չեն կարող: Օրինակ, ամբողջ աշխարհի դաշնակցական որևէ կառույց չի կարող որոշում կայացնել, որ Ղարաբաղն, օրինակ, կարող է գտնվել նաև Ադրբեջանի կազմում»,- ասաց Ա. Շահբազյանը: