«Մենք մեր կարծիքն՝ անգամ մեր մասին, կազմում ենք ուրիշների կարծիքի հիմքում»

168.am-ին տված հարցազրույցում ասում է երգչուհի Ժաննան

Ճի՞շտ եք համարում բոլորի մասին ամեն ինչ իմանալու՝ հանրության ձգտումը:

Քանի որ մեր տարածքն ու մարդկային քանակը փոքր է, ստացվում է այնպես, որ մեկս մյուսի մասին, ուզենք թե չուզենք, շատ բան ենք իմանում: Մենք բոլորս հարևան-ծանոթ-բարեկամ ենք: Դրա համար շատ դժվար է փակ լինել, ունենալ գաղտնիքներ, բայց իմ տեսակետից՝ արտիստն, այդ ամենի հետ մեկտեղ, նաև իր անձնական կյանքն է ի ցույց դնում` ճանաչում ձեռք բերելու համար: Ես գտնում եմ, որ անձնականն այդքան էլ չպետք է ասոցիացվի արտիստի աշխատանքի հետ, քանի որ արտիստը կյանքում ուրիշ մարդ է, բեմում՝ ուրիշ: Հենց անունն՝ ինքը, թելադրում է, որ նա արտիստ է, և բնական է, որ դա չի կարող քո իրական կյանքը լինել: Դա քո բեմական վիճակն է: Դրա համար պետք է բեմի և անձնականի տարբերություն լինի: Պետք չէ դրանք նույնացնել:

– Արտիստների՝ մեկը մյուսի մասին այդքան տեղեկացված լինելը, չի՞ խանգարում աշխատանքին:

– Դա արդեն գալիս է մարդու ներքին արժեքներից: Ինչքան էլ որ ես իմանամ մարդու մասին, որքան էլ որ նա ինձ համար հասանելի լինի, դա ինձ առիթ չի տալիս, որ նա դառնա ինձ համար հասարակ և մատչելի: Կան արտիստներ, արվեստի գործիչներ` կապ չունի, թե որքան հասանելի են նրանք քեզ համար, մեկ է, դու ակնածանք ես տածում այդ մարդու հանդեպ: Եթե նա քեզ համար արվեստագետ է, հանճար, տաղանդ, որքան էլ նա քեզ հետ մտերմիկ լինի, միևնույն է` սահմանը չանցնելու զգացումը քեզ մոտ մնում է:

– Դուք սահմաններ ունե՞ք:

– Երբեք չեմ անցնի դիմացինի անձնական սահմանները, երբեք ինձ թույլ չեմ տա դիմացինի անձնականը քննարկել, քննադատել: Մինչև դու չլինես այդ մարդու մաշկի մեջ, չես կարող հասկանալ, թե ինչն ինչու արվեց: Դու իրավունք չունես մարդու անձնական և հոգեկան աշխարհը քննարկել կամ քննադատել, որովհետև դու չես կարող ասել, թե նրա պարագայում ինքդ ինչ կանեիր:

– Ընկերություն ասվածին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ընկերությունը միշտ իմ կյանքում մեծ տեղ է գրավել: Ես գտնում եմ, որ ընկերությունն այն միակ բանն է, որ մենք ենք որոշում: Մենք չենք ընտրում մեր ծնողներին, հարազատներին, դրանք մենք ունենում ենք բնությունից, իսկ ընկերներին՝ ընտրում ենք: Դրա համար ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում: Ինձ համար կարևոր է գուրգուրել, պահել, պաշտպանել իմ ընկերներին, որովհետև ընկերն այն անշահախնդիր մարդն է, ով ամեն ինչ անում է՝ առանց շնորհակալության սպասելու:

– Այդպիսի ընկերներ կա՞ն:

– Եթե երկուսն էլ առողջ ուղեղ և հոգի ունեն՝ այո:

– Ինչպիսի՞ մարդ եք Դուք Ձեր աչքերով:

– Մենք հաճախ մեր աչքերով չենք կարող մեզ նայել: Մենք թեև նայում ենք մեր աչքերով, բայց՝  դիմացինի աչքերի միջով: Մեր կարծիքը, նույնիսկ մեր մասին, ինչ-որ կերպ ձևավորվում է դիմացինների միջոցով: Ինչպես մարդիկ քեզ վերաբերվում են, այնպես էլ դու ես մտածում քո մասին: Այո, մենք մեր կարծիքը` անգամ մեր մասին, կազմում ենք ուրիշների կարծիքի հիմքում:

– Ինչի՞ց եք վախենում՝ որպես կին և որպես արտիստ:

– Որպես արտիստ՝ վախենում եմ մի օր բեմը կորցնելուց: Դա բոլոր արտիստների վախն է: Վախենում եմ մահից:

– Երբևէ պատկերացրե՞լ եք՝ ի՞նչ է մահը:

Չեմ ուզում և չեմ կարող պատկերացնել այդ վերջը: Ես երևի չեմ ուզում պատկերացնել, որպեսզի ավելի շատ չվախենամ: Անորոշությունը միշտ մարդուն վախեցնում է: Երևի դա է պատճառը, որ ես մենակ մահից եմ վախենում, քանի որ դա է անհայտ, մնացյալ ամեն բան, քիչ  թե շատ, հայտնի է մեզ: Թեկուզ ուրիշի փորձից՝ տեսնում, հասկանում ենք: Մարդիկ կան, որոնք ասում են, թե իրենք մահից չեն վախենում: Ես դրան, ճիշտն ասած, չեմ հավատում: Ես չեմ փորձում տվյալ սահմանից այն կողմ մտածել, որովհետև ուզում եմ ապրել ներկայով, ապրել և վայելել այն ամենն, ինչ այսօր ունեմ:

– Ինչո՞վ եք ուրախանում:

– Շատ բաներ կան, որից ես ուրախանում եմ: Ամեն բարի և լավ բանից ուրախանում եմ: Հավատացե՛ք, եթե օրվա մեջ չեն լինում վատ միջադեպեր, ես ամեն ինչով ուրախանում եմ:

– Ինչպիսի՞ բնավորություն ունեք:

– Ծայրահեղ բնավորություն ունեմ: Հաճախ՝ շատ թեթև, հաճախ շատ ծանր: Նայած` ինչ վիճակում եմ ես այդ պահին:

– Որպես կին` ի՞նչ եք սիրում նվեր ստանալ:

– Սիրում եմ թանկարժեք նվերներ: Այնպիսի նվեր, որը թանկարժեք կլինի ոչ միայն իր դրամային արժեքով, այլև թանկարժեք՝ այն իմաստով, որ ես այն կրեմ, օգտագործեմ, ինձ պետք լինի:

– Իմիջային փոփոխություններ սիրո՞ւմ եք:

– Ես չեմ փոխում իմ իմիջը: Ես սիրում եմ փոփոխություններ, բայց այսօր այնքան արագ է ամեն ինչը փոխվում, որ երևի իմ իմիջն էլ սա է՝ մնամ այսպիսին: Շուրջս կատարվող ամենօրյա փոփոխություններն ինձ ստիպեցին մտածել ընդհանրապես իմիջս չփոխելու մասին: Իմ իմիջն այն է, որ ես մնում եմ նույն իմիջի մեջ:

Աիդա Ղարիբյան

Տեսանյութեր

Լրահոս