«Իմ մասնակցած համերգների չափ համերգներ չեն ունեցել անգամ նրանք, ովքեր ամբողջ օրը եթերում են»

168.am-ի հետ զրույցում ասում է երգիչ, «Երկու ճամփորդ» հաղորդաշարի  վարող Վարդան Սարգսյանը

– Ինչո՞ւ ես երգարվեստը ետին պլան մղել:

– Նոր երգեր չկան, և դրանց բացակայության պատճառն էլ զբաղված գրաֆիկն է: Ես շատ եմ շրջագայում: Եթե ասեմ, թե որքան համերգների եմ մասնակցել վերջին 3 ամսում՝ կզարմանաք: Այդքան համերգների չեն մասնակցել անգամ նրանք, ովքեր առավոտից երեկո եթերում են: Ամբողջ ծանրաբեռնվածությունս հիմա «Երկու ճամփորդ» ծրագրի վրա է: Ես այն շատ-շատ եմ սիրում: Նոր տարուց հետո արդեն շատ լուրջ զբաղվելու եմ երգարվեստով: Հանդիսատեսին կներկայացնեմ իմ նոր երգն ու տեսահոլովակը:

– Ծրագրի համար այդքան ֆինանսավորում որտեղի՞ց:

Կարդացեք նաև

– Ասեմ, որ ինքս շատ եմ սիրում ճանապարհորդել: Ինձ մոտ շատ են եղել այնպիսի պահեր, երբ հերթը հասել է նոր տեսահոլովակ նկարելուն, ես մտածել եմ, որ այդ գումարն առավել նպատակահարմար կլինի ծախսել ինչ-որ երկրում հանգստանալու, քան որևէ տեսահոլովակ  նկարելու համար: Շատ սիրում եմ երկրների պատմություն ուսումնասիրել: Ինձ մոտ այդ միտքը վաղուց կար, որ գնամ, շրջագայեմ, ներկայացնեմ հանդիսատեսին տարբեր երկրներ: Ինձ համար կարևոր էր, որ ծրագիրը լիներ չափի մեջ, ավելորդություններ չլիներ: Եղել են մինչ մեզ արված նմանատիպ հաղորդումներ, բայց դրանք հումորային են եղել: Ինձ համար կարևորը երկրի պատմությունը ներկայացնելն էր: Միտքն ու առաջարկը Իվետային` իմն էր: Ուղիղ մեկ տարի մենք այդ ծրագրի համար տարբեր դռներ էինք ծեծում: Ոչ ոք չէր հավատում այդ ծրագրի հաջողությանը, վերջապես Հ2-ը համաձայվեց, հավատաց մեզ: Աջակիցներ գտնելուն պես, սկսեցինք նկարահանման աշխատանքները:

– Ո՞ր երկրների պատմությունն եք ներկայացրել հանդիսատեսին:

– Առաջին նկարահանումները տեղի ունեցան Լիբանանում, դրանից հետո մեկնեցինք Շրի Լանկա: Իսկ հիմա պատրաստվում ենք մեկնել Աֆրիկա: Միշտ երազել եմ այնտեղ լինել: Նոր տարվա շեմին մեր հանդիսատեսն այնպիսի հաղորդումներ է դիտելու, որ հաստատ երկար կհիշի:

– Հաղորդումն ունի՞ սցենար:

– Սցենար կա: Որևէ երկիր մեկնելուց առաջ պատկերացում է կազմվում, թե որտեղ պետք է նկարահանենք: Այնպես չէ, որ մեկնումից առաջ երկրի մասին պատկերացում կազմած չենք լինում: Ուսումնասիրում ենք երկիրը, համացանցով գտնում ենք նրա տեսարժան վայրերը, նոր միայն՝ մեկնում այնտեղ: Նկարահանում իրականացնելու ժամկետը բավական սուղ է, մենք պետք է այդ օրերի մեջ հնարավորինս տեղավորվենք: Օրինակ, Շրի Լանկա մեկնել էինք 6 օրով, բայց նկարահանեցինք 8 հաղորդում:

– Ձեր հաղորդումներից մեկում վայրի ցեղերի եք նկարահանել, ինչո՞ւ հենց քաղաքակրթությունից հեռու մարդկանց նկարահանեցիք:

– Վեդա ցեղերին ենք նկարահանել: Վայրի ցեղ էին: Ապրում էին ջունգլիներում: Շատ վտանգավոր էր, նրանք ոչ նորմալ մարդիկ էին: Ոչինչ չէին հասկանում: Տերևով ծածկված, կարմիր ատամներով, իրենց միջավայրն ու սովորույթները ստեղծած ցեղ էր, որոնց հետ շփվում էինք թարգմանչի միջոցով: Հայկական հեռուստաընկերությունն այնտեղ առաջին անգամ էր լինում:

– Ո՞վ է Ձեզ օգնում տեղանքին ծանոթանալու հարցում:

– Այն, ինչ նկարվում է`հիմնականում ես եմ մտածում: Տեքստը գրելիս` մեզ օգնում են այն մարդիկ, ովքեր մեզ հետ համագործակցում են:

– Ո՞նց են Ձեզ ընդունում օտար երկրում:

– Եթե ճիշտն ասեմ, շատ տեղերում շատ խնդիրներ են ծագում, և մենք ստիպված ստում ենք: Եթե մենք մեկնենք Եգիպտոս և ցանկանանք այնտեղ նկարահանում անցկացնել, ապա օրինական թույլտվություն ստանալու համար մենք պետք է մեկ ժամվա համար վճարենք 6000 դոլար: Քանի որ այսօր հայկական հեռուստատեսությունը հնարավորություն չունի այդքան գումար տրամադրելու, մենք ստիպված ստեցինք: Ասացինք, որ ուսանողներ ենք և աշխատանք ենք պատրաստում:

– Մինչև ե՞րբ եք ծրագրում հաղորդումը պատրաստել:

– Սեպտեմբերի կեսերից արդեն պետք է նոր եթերաշրջանը սկսվի, որովհետև ամառվա ընթացքում կրկնություններ էին եթեր գնում: Մենք սեպտեմբերյան հաղորդումների համար արդեն պետք է մեկնած լինեինք, բայց իմ զբաղվածությունը թույլ չտվեց շուտ մեկնել: Ես ամսվա մեջ 10-15 օր եմ երկրում լինում: Հիմա մենք հոկտեմբերին պետք է հետաձգված նկարահանումներն իրականացնենք: Հուսամ` մինչ ամառ կձգվի հաղորդումը:

– Երկրում չլինելու պատճառը համերգային շրջագայություննե՞րն են:

– Երեք օր առաջ եմ վերադարձել Լենինգրադից: Մեծ միջոցառման էի մասնակցում, որի կազմակերպիչները հայերն ու ռուսներն էին: Դրանից առաջ եղել եմ մի շարք երկրներում, ելույթ եմ ունեցել այնտեղի լավագույն ակումբներում: Իմ երգերը ոճապես համապատասխանում են ակումբային վիճակին: Ես չեմ երգում ավանդական 6/8: Դրա համար, գոնե 6 ամիսը մեկ ես հրավերներ ունենում եմ:

– Քեզ ո՞ր բեմն է հոգեհարազատ՝ ակումբի՞, թե՞ դահլիճի:

– Լրիվ տարբեր են: Ես շատ սիրում եմ ակումբներում ելույթ ունենալ: Այնտեղ ավելի հեշտ է, ավելի թեթև է աշխատելը: Երբ լավ են ընդունում, ամեն վայրում էլ հաճելի է աշխատելը:

– Երգերդ տարբերվում են, ինչպե՞ս ես ընտրությունն անում:

– Թեթև երգեր են: Ինձ համար կարևոր են նախ՝ լատինո, պարային ռիթմերը: Ես մանկուց սիրել եմ այդ ռիթմերը: Բացառությամբ երկու երգերի, հիմնականում ոճս պարային, ակտիվ, ուրախ ռիթմերն են: Երևի միակներից եմ, որ չշեղվեցի 6/8-ի, որ հարսանիքներում երգելու առաջարկներ ունենամ: Եթե ես գնում եմ հարսանիք, էլի երգում եմ իմ երգերը, որոնց տակ էլ ժողովուրդը շատ լավ ուրախանում, պարում է: Պարտադիր չի անցնել 6/8-ի, որ ժողովուրդը քեզ լսի: Այսօր, չգիտես ինչու, բոլոր երգիչներն անցել են այդ երաժշտությանը: Ինձ համար դա ծիծաղելի է: Շատ երգիչներ կային, որ միանգամից փոխեցին իրենց երգելաոճը, որն ուղղակի ֆինանսի հետևից վազել է նշանակում:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս