Հույս ունեմ, որ նախագահի քննադատությունները կհանգեն կաբինետի կազմի փոփոխության
168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ կառավարության աշխատանքին հասցեագրված խիստ քննադատություններին, ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Երկար ժամանակ արդեն առաջադրած, բարձրացված մտահոգություններն այդ մակարդակի վրա արձագանք ստացան»:
Նաև հավելեց. «Ես ուրախ եմ, որ երկրի ղեկավարությունը վերջապես կիսում է բոլոր այն անհանգստությունները, որոնք մենք ունեցել ենք կառավարության ղեկավարի հետ կապված: Հույս ունեմ և ցանկանում եմ հավատալ, որ դա կբերի որոշակի փոփոխությունների՝ կաբինետի կազմում, նրանց աշխատանքի որակում, ու վերջապես երկիրը դուրս կգա առաջընթացի ուղի»:
ԲՀԿ խոսնակը նաև հույս հայտնեց, որ նախագահի մատնանշած ոլորտները կանցնեն այն պատասխանատուներին, որոնք, սեփական կուրսն իրականացնելով, կարձանագրեն լուրջ դրական փոփոխություններ ու կաշկանդված չեն լինի սահմանափակումներով: