Արամ Կարապետյանը` չստացված շոուների մասնագե՞տ
«Հասկացող ու վերջին տարիներին քաղաքականությամբ զբաղված անձը, լինի դա քաղաքական գործիչ թե փորձագետ, հստակ պետք է գիտակցի, որ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեության ողջ ընթացքում շոուներն ու քաղաքական PR-ը ոչ մի նշանակություն չեն ունեցել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի այն հայտարարությանը, թե կառավարությունում Ս. Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունը «վատ կազմակերպված շոու էր»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին գործադիր մարմինների ղեկավարները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազը, Երևանի քաղաքապետը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարները, սուր քննադատության ենթարկեց կառավարության աշխատանքը:
«Կառավարության աշխատանքը շատ բացասական եմ գնահատում, շատ բացասական»,- շեշտել է ՀՀ նախագահը:
«Նախագահը ոչ թե ձևական, այլ բովանդակային գործիչ է: Յուրաքանչյուր քայլ, որ իրականացնում է Սերժ Սարգսյանը, բխում են պետական ու ազգային շահերից: Շոուի մասին խոսացողները, կարող եմ ասել` սխալ հասցեով են դիմել: Եթե ավելի առարկայական են ցանկանում իմանալ փաստերը` ասեմ, որ նախագահն իր պաշտոնավարման սկզբից մինչ օրս, այս հանդիպումը ևս, վարում է իր հստակ տրամաբանական քաղաքականությունը,- ասաց Էդ. Շարմազանովը,- Եթե հիշում եք՝ նախկինում Անվտանգության խորհրդի հետ կապված ևս շատ խիստ քննադատություն եղավ, հետո՝ հանրային ու մաքսային ոլորտի հետ կապված դժգոհություն, ՀՀԿ համագումարների ընթացքում նախագահը խոսեց այն մասին, որ երկրի զարգացմանը խանգարող մեր թիվ պրոբլեմը կոռուպցիան է, ու պետք է պայքարել, ավելին՝ նախագահը հայտարարեց այն չինովնիկներին, որ ով չի համապատասխանում՝ չպետք է աշխատի»:
Էդ. Շարմազանովը նշեց, որ նախագահի շաբաթ օրվա ելույթը ցույց տվեց, որ ի դեմս Ս. Սարգսյանի, «Հանրապետությունն ունի ղեկավար, ով անհանդուրժող է ցանկացած վատ, կոռուպցիոն ու հակաօրինական երևույթներին՝ անկախ նրանից, թե այդ երևույթն իրականացնողը իր քաղաքական թիմի անդա՞մ է, թե՞ ոչ»:
«Ի տարբերություն շատ նախկին ղեկավարների՝ Ս. Սարգսյանը ոչ թե թաքուն է խոսում խնդիրների մասին, այլ բացահայտ է խոսում, հստակ կշտամբում է, պահանջներ է դնում՝ խնդիրները լուծելու նպատակ: Ու սա պետական գործչի դասական օրինակ է: Իսկ բոլոր նրանք, ովքեր խոսում են շոուներից, պարզապես չստացված շոուների մասնագետներ են»,- հավելեց նա:
Հարցին` արդյոք հնարավո՞ր են կառավարության ղեկավար կազմում փոփոխություններ, Էդ. Շարմազանովը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է նախագահի տված խիստ հանձնարարականների իրականացման աստիճանից:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ չափով կիրականացվեն նախագահ Սարգսյանի հանձնարարականները: Ճիշտ է`մենք գտնում ենք, որ կառավարությունն էական փոփոխությունների հասել է՝ մենք գրանցել ենք 6 տոկոսից ավելի տնտեսական աճ, բայց մյուս կողմից՝ նախագահը մատնանշել է, որ վատ երևույթներ, այնուամենայնիվ, կան: Ժամանակի ընթացքում ամեն ինչ կերևա»,- ընդգծեց ՀՀ մամուլի խոսնակը: