Չինաստանը սպառնում է պատժամիջոցներով, իսկ Ճապոնիայի վարչապետը հետաձգել է բոլոր այցերը

Չինաստանի իշխանությունները կարող են տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ճապոնիայի դեմ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի պաշտոնական տպագիր մարմինը՝ «Ժենմին ժիբաո» թերթը: Որոշումը պայմանավորված է Սենկակու վիճելի կղզիների (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) շուրջ սրված իրավիճակով:

Թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը՝ չի հաղորդվում, սակայն ենթադրվում է, որ պատժամիջոցները կշոշափեն արդյունաբերական և ֆինանսական սեկտորը, ինչպես նաև արտահանումը և «ռազմավարական ներմուծումը»: Չի բացառվում, որ խոսքը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ օգտագործվող հազվագյուտ մետաղների՝ Ճապոնիա ներմուծման արգելքի մասին է:

Տեքստում նշվում է, որ վերջին երկու տասնամյակները Ճապոնիայի համար եղել են «կորած» տարիներ, իսկ Չինաստանի կողմից պատժամիջոցների սահմանումը հղի է նոր ցնցումներով այդ երկրի համար, որը դեռ ուշքի չի եկել 2008 թ. ֆինանսական ճգնաժամից և 2011 թ. կործանիչ երկրաշարժից ու ցունամիից:

Անմարդաբնակ կղզիների շուրջ տարածքային վեճը սրվեց 2012 թ. սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ Ճապոնիան հայտարարեց, թե ազգայնացնում է 5 կղզիներից երկուսը:

Անցած հանգստյան օրերին Չինաստանի տասնյակ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել Ճապոնիայի դեմ, որոնք ուղեկցվել են անկարգություններով:

Ճապոնական Kiyodo գործակալությունը հաղորդում է, որ 1000 ձկնորսական նավերից բաղկացած չինական նավատորմն այժմ շարժվում է Ճապոնիայի վերահսկղության տակ գտնվող կղզիներ՝ հաստատելու Պեկինի իրավունքները այդ տարածքի վրա: Ակնկալվում է, որ արդեն օրվա ընթացքում նավատորմը կարող է հասնել կղզիներ:

Սենկակու կղզիների շրջանում կենտրոնացված են Ճապոնիայի առափնյա պաշտպանության պարեկային նավերը։ Դրանց քանակը չի հաղորդվում: Տոկիոն չի բացառում, որ չինական նավատորմը կփորձի դեսանտ իջեցնել անմարդաբնակ կղզիներում:

Ճապոնիայի կառավարությունն այժմ աշխատում է ճգնաժամային ռեժիմով: Վարչապետ Յոսիհիկո Նոդան հետաձգել է իր բոլոր այցերը և անձամբ է հետևում կղզիների շուրջ ծավալվող իրադարձություններին:

Տեսանյութեր

Լրահոս