«Լավ բեմադրված շոու»

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօր մամլո ասուլիսում` անդրադառնալով շաբաթ օրը կառավարության նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, այն անվանեց «լավ բեմադրված շոու»:«Իմ տպավորությամբ դա լավ բեմադրված շոու էր, բայց կատարումը շատ վատն էր, որովհետև նման շոուներ մենք միշտ հիշում ենք, և, ճիշտ ասեմ, հենց շոուի սցենարի մեջ սխալ կար. Սերժ Սարգսյանն ինքը նշեց, որ, այսպես ասած, այդ Խաչիկյանը ես եմ (խոսքը Վազգեն Խաչիկյանի մասին է:- Ա.Ս.), և բավականաչափ լուրջ հանդիմանություն կար այդ մարդու նկատմամբ, բայց որևէ լուծում այդ հարցին չի տրվել, այսինքն միայն գործից հանվել է»,-նշեց նա:

Նրա խոսքով` այդ «բեմադրության» արդյունքում «ատկատների թվերը կաճեն, քանի որ արդեն խոսակցություններ կան մոտավորապես այսպիսի բովանդակությամբ. «ախպեր, գիտե՞ս` գողանալն ինչքան է դժվարացել, էրեկ տելեվիզրով չտեսա՞ր…»»:

«Նախընտրական տարի է, մենք նման բաներ դեռ շատ կտեսնենք, և ես շատ ցավում եմ, որովհետև արտաքին քաղաքական վեկտորների հետ կապված Ս.Սարգսյանի ասածները բավական տրամաբանական էին: Ցավում եմ, որ, ինչպես միշտ, ներքին և արտաքին վեկտորները միացնելով` Սերժ Սարգսյանն ուղղակի լավը դարձնում է վատ: Բայց սրան գումարվեց չգիտեմ, թե ինչպես դա որակել` «Գորիկ Գուրգենիչ, կգաք ինձ մոտ, Ձեզ բան ունեմ ասելու…» : Եթե բան ունես ասելու ԱԱԾ-ի ղեկավարին, դա ասվում է կաբինետում` առանց որևէ մեկի ներկայության, եթե դա հատուկ առաջադրանք է: Այնպես չանենք, որ տեռորիստական երկրի համբավ ձեռք բերենք»:

Ըստ ՆԺԿ նախագահի` «ախպերական» մոտեցումը` «դու»-ով դիմելաձևը, որը մտել է նույնիսկ կառավարություն, գալիս է Ս.Սարգսյանի գործելաձևից. «Սերժ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանում քաղաքականությունը տարվել է և տարվում է հետևյալ բանաձևով` ինչքան մարդու հետ հաց կիսես, այնքան հեշտ կմնաս նախագահ: Այսինքն` ինչքան մարդու հետ եղբայրական հարաբերություններ ստեղծես, այնքան ավելի հեշտությամբ կկարողանաս իրականացնել քո պլանները»,- ասաց Արամ Կարապետյանը:

Կարդացեք նաև

Ի դեպ, Ա. Կարապետյանի համոզմամբ` ընտրություններից առաջ նախագահ Ս. Սարգսյանը կառավարության կազմում փոփոխություններ կիրականացնի, սակայն, ըստ նրա` դա տեղի կունենա ոչ թե հիմա, այլ` տարվա վերջում:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս