
Փողն ու իշխանությունը Հայաստանում սերտաճած են

«Եթե համեմատենք հետսովետական այլ երկրներից շատերի հետ, Հայաստանում դեմոկրատիան բավական բարձր մակարդակի վրա է գտնվում»,- այսօր հայտարարեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:
Չնայած դրան, ըստ նրա` Հայաստանում, այնուամենայնիվ, կան մի շարք խնդիրներ: «Պրոբլեմատիկ ոլորտներից մեկը դատական ոլորտն է: Տիգրան Առաքելյանի 6 տարին ողջամիտ չէ, Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում չտալն ու արդար դատավարություն չանցկացնելը ևս ողջամիտ չեն: Դատավարության ընթացքում ՀՀ արդարադատությունը ցույց տվեց իր ամբողջ դատարկությունը»,- ասաց նա:
Ըստ Ա. Կիրակոսյանի`արդյունավետ կառավարման խնդիրներից մեկը Հայաստանում այն է, որ իշխանությունն ու փողը տարանջատված չեն. «Փողն ու իշխանությունը Հայաստանում սերտաճած են, այդ իսկ պատճառով հաճախ են լինում ընտրակաշառքի դեպքեր»:
Նրա դիտարկմամբ` հասարակությունը սկսել է մեծ հնչեղություն ունեցող հարցերին ցուցաբերել իր մասնակցությունը, սակայն, ըստ Ա. Կիրակոսյանի, ցավալի է, որ մի շարք այլ խնդիրների դեպքում հասարակությունը գրեթե չի արձագանքում:
«Կարող եմ ասել, որ նկատվում է ողջամտության վերադարձ քաղաքականության մեջ: Օրինակներից մեկն էլ «Ա1+» հեռուստաընկերության վերադարձն է եթեր»,- հայտարարեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը: