Բաքուն «քաղաքականացված» է որակել ադրբեջանցի մարդասպանի հարցով Եվրախորհրդարանի բանաձեւը
Պաշտոնական Բաքուն այսօր «քաղաքականացված» է որակել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հարցով Եվրախորհրդարանի` նախօրեին ընդունած բանաձեւը, որում դատապարտվում է Ադրբեջանի նախագահի որոշումը։
«Ադրբեջանի կողմից այդ հարցում ձեռնարկված քայլերը համապատասխանում են բոլոր միջազգային կոնվենցիաներին։ Ադրբեջանի համար Ռամիլ Սաֆարովի հարցը փակված է», – ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը։
Նա Եվրախորհրդարանի պատգամավորներին կոչ է արել «նայել հարցի արմատին», որում, ըստ Աբդուլաեւի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։
«Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ այդ հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքից Հայաստանի զորքերի դուրսբերումն է։ Իսկ Հայաստանը, օգտագործելով ամեն հնարավորը, ձգտում է պահպանել ստատուս քվոն», – ասել է ադրբեջանական ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։