Տեր-Պետրոսյանի անվտանգության աշխատակցի զրահապատ «Մերսեդեսի» ոդիսականը
Օգոստոսի 24-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած երիտասարդ կինը հայտնեց, որ «odnoklassniki.ru» ցանցում գրանցված Գեյ Պիդր և Վենդետա Սամո պայմանական անուններով հանդես եկող անհայտ անձը անձնական նամակագրության միջոցով իրենից պահանջում է 2000 ԱՄՆ դոլար` սպառնալով պահանջը չկատարելու դեպքում արատավորող տեղեկություններ տարածել նույն կայքում և իր բարեկամական շրջանակում: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության աշխատակիցները, տուժածից ստացած տեղեկատվությունը վերլուծելով, իրենց համար որոշակիացրին, որ դրամաշորթն արդեն պատրաստվում է իր գործողությունները տեղափոխել շոշափելի հարթություն: Երիտասարդ կինը ոստիկանների հսկողությամբ շարունակեց նամակագրությունը, համաձայնեց նրա պահանջին: Մշակվեց օպերատիվ միջոցառման ծրագիր:
Նվեր Քոչարյան, Մարիամ Հայրապետյան, Արմեն Հարությունյան: Գործել էր խումբ: Մայրաքաղաքի Իսակով-Բաբաջանյան կամրջի մոտակայքում իրենց զոհի թողած ծխախոտի տուփը, որի մեջ 1700 դոլար գումարն էր, վերցնելուց անմիջապես հետո եռյակը մերկացվեց: Երեքն էլ մերսեդեսով հանդերձ տեղափոխվեցին վարչություն, մեքենայի միջից հայտնաբերվեց ու առգրավվեց նախապես քիմիական մշակման ենթարկված 1700 դոլարը:
Նվեր Քոչարյան՝ 40 տարեկան, Մարիամ Հայրապետյան` 20 տարեկան, Արմեն Հարությունյան` 38 տարեկան` մականունը չերեփ:
Հարուցվել է քրեական գործ, նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ վենդատայոտ «Մերսեդեսը» մինչ հանցագործության գործիք դառնալը ժամանակին որոշ պաշտոնյաներ հատուկ «ակնածանքով» են վարել այն պարզ պատճառով, որ կարծել են, թե զրահապատ է:
Ի դեպ, այն ժամանակին պատկանել կամ կցված է եղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության աշխատակիցներից մեկին, իսկ դեպքի պահին այն սեփականության իրավունքով պատկանել է ԱԺ պատգամավորներից մեկի որդուն, ով, ըստ մեր տեղեկությունների, որևէ առնչություն չունի այս պատմության հետ և կարծես թե արդեն վաճառելիս է եղել այլ անձի:
Ըստ գործակալության, այստեղ հետաքրքիրն այլ բան է. փաստորեն 10 տարուց ավելի զրահապատ «Մերսեդեսի» առասպելը գործարքից գործարք փոխանցվել է մեքենայի հետ և շարունակվել մինչև այս դեպքի օրը, երբ մի թեթև օպերացիայից հետո զրահապատի «զ» տառն էլ չմնաց. ոստիկանության օպերատիվ գործողություններից հետո տարիներ շարունակ զրահապատ լինելու համար պաշտոնյաների ակնածանքին արժանացած մեքենան… ծռմռվեց: Ասում են, թե դեպքից հետո մեքենայի տերը մեղմ ասած զարմացել է. «Բա զրահապատ չէ՞ր»: