
ԲՀԿ. ՀԱԿ ակտիվիստների պատիժն ակնհայտ համարժեք չէ կատարված արարքին

Դադարեցնել քրեական հետապնդումը հայ երիտասարդների նկատմամբ, անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, անհապաղ քրեական պատասխանատվության ենթարկել իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, ովքեր բռնություն են կիրառել ՀԱԿ երիտասարդների նկատմամբ 2011-ի օգոստոսի 9-ին, ինչպես նաև դրան հաջորդած դատական նիստերի ընթացքում տվել են սխալ ցուցմունքներ: Այս և մի շարք այլ պահանջներով ՀԱԿ ակտիվիստներն այսօր հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք պայքարում են ընդամենը Հայաստանը սիրելու համար. «Մենք ցանկանում ենք այնպիսի պետության մեջ ապրել, որտեղ բանակում ծառայելը մեծագույն պատիվ է և հաճույք է ցանկացած հայ երիտասարդի համար: Մենք ուզում ենք մի պետությունում ապրենք, որտեղ ընտրություններն ամենամաքուր մրցակցությունն են քաղաքական ուժերի միջև, որտեղ հաղթում է նա, ով ունի ժողովրդի աջակցությունը: Մենք ուզում ենք մի պետությունում ապրել, որտեղ մարդասպանները, օրինազանց օլիգարխները պատժվում են, որտեղ արդարադատությունը միշտ տոնում է հաղթանակ: Որ կարողանանք սիրել մեր երկիրը, պիտի հաստատենք ժողովրդավարություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք»:
Այսօր ակցիային միացել էր նաև ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը: Նրա խոսքով՝ ՀԱԿ ակտիվիստներին նշանակված պատիժն ակնհայտ համարժեք չէ կատարված արարքին:
«Մարդու իրավունքները Հայաստանում պետք է լինեն գերակա արժեք, և մարդու իրավունքները միշտ պետք է լինեն պաշտպանված: Որ քաղաքական ուժի, մարդու, քաղաքացու իրավունքները կլինեն այս կամ այն կերպ խախտված՝ ես կլինեմ այդ քաղաքական ուժի կողքին»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ իրենք նույնկերպ շարունակելու են պայքարը, քանի որ նկատում են մի շարք խախտումներ իշխանության կողմից. «Խախտելով օրենքը՝ նրանք մեր հայտարարությունները եթեր չեն տալիս: Բոլոր քվեարկություններն իրենք հավաքում են մի ժամի, և բոլոր մաֆիոզներին հավաքում են, ասում են՝ կոճա՛կ սեղմեք, որ բոլոր օրենքները անցկացնեն: Արմավիրի մարզի Արտաշատ գյուղում ահավոր լարված իրավիճակ է. երեք անգամ ծեծուջարդ է տեղի ունեցել»:
Ըստ նրա՝ ՀԱԿ-ի պայքարը շարունակվում է բոլոր բնագավառներում:
Ակտիվիստ Լենա Աբրահամյանն էլ հայտարարեց, թե իրենք պահանջում են արդարություն. «Մեր երեխեքին սուտ, կեղծ ցուցմունք տալու համար՝ նստացրել են, բա չկանգնե՞նք թիկունքներին»: