«Խուժանության շքահանդես»
Այսպես է որակում Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը՝ սեպտեմբերի 9-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները: Մ.Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ ընտրությունների օրն այլ քաղաքներից ավտոբուսներով ուսանողներ են բերվել Գյումրի` ընտրություններին մասնակցելու համար:
Նաև տեղեկացրեց ամենատարածված խախտումների` թանաքների անհետացման և ընտրակաշառքի բաժանման մասին` նշելով, որ Գյումրիում 3000-5000 դրամ ընտրակաշառք էին բաժանում քաղաքապետի թեկնածուների, այդ թվում՝ ընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանի համար:
«Գյումրիում աշխատել է ընտրակեղծիքների` մեկ քայլ կատարելագործված մեխանիզմ` քվեախցիկների չափսերը փոփոխելուց, քվեաթերթիկների կարուսել աշխատեցնելուց՝ մինչև ամփոփում. Կոնգրեսի կողմից ներկայացված ավագանու թեկնածուների ձայների վերաբերյալ պաշտոնապես ներկայացված է մի թիվ, իսկ մեր ունեցած ամփոփիչ արձանագրությունների քաղվածքները հանրագումարի բերելով` ստանում ենք այլ թիվ` բնականաբար, ավելի շատ»,- ասաց նա:
Իսկ մեր հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չի բողոքարկել ընտրությունների արդյունքները` Կոնգրեսի չընտրված ավագանու թեկնածուների մասով, Մ.Գրիգորյանը պատասխանեց. «Ո՞ւմ բողոքարկես, եթե նախապես հեռախոսով տեղամասի նախագահից փորձում են ճշտել, թե փաթեթների մեջ հաշվարկը հստա՞կ է, թե՞ ոչ, եթե հավաստիացում են ստանում, որ հաշվարկը ճիշտ է ամփոփված, այդ ժամանակ նոր տվյալ տեղամասը բացում են: Ո՞ւմ բողոքես, եթե տեղամասի մեկանգամյա պարկերը, որոնք բերում են բացելու, պատռված են: Եթե հետևեք Գյումրիի տեղական լրատվությանը, պարզ երևում է` որ տեղամասում որ թեկնածուի կողմից բողոքարկման դեպքում իշխանության կողմից պատասխան քայլը որն է լինում. պատռված պարկերը բերում են, որ, իբր, վերահաշվարկ կատարեն: Դուք կվստահեի՞ք նման ինստանցիային»:
Մուրադ Գրիգորյանն ավելացրեց, որ Գյումրիում բողոքարկման դեպքում ստուգող հանձնաժողովը և բողոքարկողները բաժանվում են ճաղավանդակներով և ոստիկաններով, որպեսզի բողոքարկողներն ընտրատարածք մտնելու հնարավորություն չունենան: