Հովհաննես Մարգարյանի իդեալը Արթուր Բաղդասարյանն է
Այսուհետ ՕԵԿ-ին անդամակցելու համար մարդը պետք է երկու ամիս փորձաշրջան անցնի, և առնվազն երկու կուսակցական պետք է երաշխավորի նրա համար: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Նրա խոսքով` այս որոշումը կայացվել է երեկ՝ ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստի ընթացքում:
«Մենք որոշել ենք ավելի դժվարացնել կուսակցությանն անդամակցելու ընթացակարգը, քանի որ շատ դժվար է միանգամից հասկանալ՝ ինչո՞ւ է այդ մարդը ցանկանում անդամակցել կուսակցությանը»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:
Ըստ նրա՝ կուսակցության անդամները պետք է ընտրվեն ոչ թե քանակական, այլ որակական չափանիշներով, քանի որ պատահել է, որ ՕԵԿ-ի անդամների մի մասն ընտրությունների ընթացքում իրենց ձայնը կուսակցությանը չեն տվել:
Հովհաննես Մարգարյանը նշում է, որ կուսակցության չափորոշիչներից մեկն էլ նրա ղեկավարն է. «Ես հպարտ եմ, որ ունեմ Արթուր Բաղդասարյանի նման ղեկավար: Քաղաքական գործչի իմ իդեալը հենց նա է»: