
Ալիևի հայտարարությունը «կարելի է վերագրել միայն լկտիության»

Ադրբեջանի գործողությունները, հաղորդագրությունները հող են նախապատրաստում պատերազմական գործողություններ սանձարձակելու հայ-ադրբեջանական սահմանում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
«ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հերթական անգամ միջազգային հանրության պատվախնդրությունը ոտնատակ արեց: Ալիևն ասաց, որ Ռ. Սաֆարովի հետ կատարվածը տեղավորվում է համապատասխան կոնվենցիայի մեջ ու չի հակասում Ադրբեջանի սահմանադրությանը: Սա կարելի է վերագրել միայն լկտիության»,- ասաց նա:
Ա. Գեղամյանն ընդգծեց, որ Ալիևի հայտարարությունները պատահական չեն: Ըստ նրա, Ադրբեջանի կողմից ցուցաբերվող լկտի պահվածքը գալիս է նրանից, որ նրանք վերջին տարիներին աննախադեպ զինվում են:
Գեղամյանի հավաստմամբ, սրա վկայությունը Ադրբեջանական պաշտպանական ծախսերի ավելացումն է: