ՀՀԿ-ն նույնիսկ ՀԱԿ-ի հետ լարվածություն չունի
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանի այն տեսակետը, թե ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև լարվածությունն աճում է:
«Սա անլուրջ մտածողություն է: Քաղաքականության մեջ պետք է վերլուծվեն ու գնահատվեն իրեղեն գործողությունները: Ավելի լավ կլինի, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ նախ իր ռազմավարության մասին խոսի, հետո կանխատեսվող տեսակետներ ասի: Քաղաքական դաշտում միշտ պետք է լարվածություն լինի թե՛ քաղաքական թիմի, թե՛ տվյալ, թե՛ հարևան կուսակցության ներսում: Նման գնահատականներ պետք է տալ, եթե կան ռեալ հայտարարություններ կամ որոշակիորեն վերլուծական դաշտ է ստեղծվել, որն այսօր ես չեմ տեսնում»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Իսկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին, 168.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ «ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն աշխատում են»:
«Դուք տեսնո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն որևէ խմբակցության հետ լարվածություն ունի: Հանրապետականը բոլոր խմբակցությունների հետ` անգամ ՀԱԿ-ի հետ, լարվածություն չունի: Ի՞նչ լարվածության մասին է խոսքը: Ս. Սաֆարյանին խորհուրդ կտամ պղտոր ջրում ձուկ չորսալ: ՀՀԿ-ն, լարվածության ճանապարհով չի գնում, Սաֆարյանը որպես մեզ հետ հինգ տարի աշխատած մարդ, պետք է որ այս ամենի մասին իմանար»,- նշեց Էդ. Շարմազանովը:
Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսոմ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին, ասել էր. «Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցի հրապարակումը, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը թույլ է տալիս ասել, որ երկու թիմերի միջև առայժմ ընթանում է միջնորդավորված պատերազմ: Թե ինչպես կհանգուցալուծվի այն՝ դեռևս դժվար է ասել: Չնայած ԲՀԿ-ի իրավիճակը բարդ է, որովհետև մի կողմից արդեն իսկ կանխավ հայտարարվել է, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների նպատակը կառավարության փոփոխությունն է, ինչը հնարավոր է անել, եթե ԲՀԿ-ն ունենա սեփական թեկնածու նախագահական ընտրություններում և բարդացնի իշխանության համար իրավիճակն ու մտնի սակարկությունների դաշտ: Բայց դա անելը վտանգներ է պարունակում հենց ԲՀԿ-ի համար, հետևաբար՝ սա է պատճառը, որ ներկայիս իրավիճակում ուժերի հավասարակշռությունը պահպանվում է: Բարդ է խոսել իր թեկնածուի և նրա անձի մասին, հատկապես, երբ պոտենցիալ թեկնածուներից մեկը կարող է Վարդան Օսկանյանը լինել, ով դարձավ իշխանությունների կողմից, քրեական գործի իմաստով, կախյալ՝ հայաստանյան արդարադատությունից: Կարծում եմ՝ ԲՀԿ-ն դեռ իր որոշումների մասին չի հայտարարի, օգտվելով առիթից, որ դեռ ժամանակ կա»: