
Ռոբերտ Քոչարյանը` Վարուժան Կարապետյանի մասին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Սեպտեմբերի 12-ին լրատվական գործակալությունները հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների` Գաբալա քաղաքում նախօրեին կայացած հանդիպման մասին: Տեղեկատվության համաձայն, այդ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարել է, թե 2001 թվականին Հայաստանի նախագահն իբր ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված և նույն թվականին Հայաստանին արտահանձնված Կարապետյան ազգանունով հայ ահաբեկչի:
Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
Խոսքն այն ժամանակ Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանի մասին է, ով 2001 թվականին ոչ թե արտահանձնվել է, այլ ներում է ստացել Ֆրանսիայի իշխանությունների կողմից և միայն դրանից հետո է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության:
Այդ մասին տեղեկատվությունը մինչ օրս բոլոր մանրամասներով կարելի է առանց հատուկ ջանքերի գտնել համացանցում:
Այսպիսով, պետք է արձանագրենք, որ փորձելով արդարացնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, Ադրբեջանի նախագահը կամ միտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը, կամ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններից»:
ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ