«Արմավիան» նախատեսում է սեպտեմբերի 17-ին դեպի Հալեպ չվերթ իրականացնել
Սեպտեմբերի 11-ի երեկոյան Սիրիայի ազգային ավիափոխադրող ընկերության օդանավով Երևանից Հալեպ մեկնած մեր հայրենակիցները Սիրիայի ապստամբների կողմից գնդակոծության են ենթարկվել, որի հետևանքով 4 հայ զոհվել է, 10-ը` վիրավորվել:
Մեր տեղեկություններով, երեկ երեկոյան զոհվածների թիվը հասել էր 7-ի:
168.am-ը զրուցեց Սիրիական ավիաուղիների հայաստանյան ներկայացուցչության հետ. «Մեր ընկերությունը տեղյակ է կատարվածի մասին, սակայն ինքնաթիռը նորմալ վիճակով մեկնել և վերադարձել է, իսկ զոհերի մասին տեղեկություններ չունենք»:
Այսօր Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց. «Մեր ընկերությունը դեռևս որոշում չի կայացրել: Մեր ընկերությունը գիտակցում է Սիրիայում տիրող ներքաղաքական իրադրության լրջությունը և հասկանում է, որ ուղևորների կյանքը վտանգվում է, սակայն Սիրիա մեկնողների ցանկությամբ իրականացվող չվերթները վերականգնվեցին»:
Ըստ Նանա Ավետիսովայի, որոշ ժամանակ առաջ իրենք դադարեցրել էին չվերթները դեպի Հալեպ, սակայն ուևորների ցանկությամբ սեպտեմբերի 10-ից վերսկսեցին չվերթներ իրականացնել:
«Ամսի 10-ին չվերթը նորմալ իրականացել է, մյուս չվերթը նախատեսվում է սեպտեմբերի 17-ին, սակայն մինչ այդ մեր ընկերությունը կկայացնի որոշում՝ արդյո՞ք այն տեղի կունենա, թե՞ ոչ»,- ասաց է Ն.Ավետիսովան: