ՎՊ-ը հիմնավորել է, որ Հայաստանում տիրում է ավազակապետություն

Վերահսկիչ պալատի (ՎՊ) 2011թ. տարեկան հաշվետվությունը երկօրյա բուռն քննարկումների առիթ դարձավ Ազգային ժողովում:

Նշենք, որ այդ հաշվետվության մեջ ՎՊ-ի կողմից ներկայացվել են պետական գնումների գործընթացի, բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման, շինարարության ոլորտի բազմաթիվ խախտումներ պետական կառավարման մի շարք ոլորտներում: Հաշվետվության մեջ խախտումների գերակշիռ մասը գրանցվել է սոցիալական ոլորտում: Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային 55 մարմիններից 18-ում իրականացված ընտրանքային ստուգմամբ հայտնաբերվել են պետական նպաստի համակարգին վերաբերող տարբեր խախտումներ:

Ընտրանքային ստուգմամբ հայտնաբերվել է 149, 576.2 հազար դրամի թվով 581 խախտում, որից վերականգնման ենթակա գումարը կազմել է 70 մլն 785.8 հազար դրամ: Խախտումներ են արձանագրվել նաև հաշմանդամներին վճարված կենսաթոշակների և տրված արտոնությունների ուղղությամբ:

«Մենք այսօր շատ վստահ ենք, որ պետական բյուջեի 30%-ն այլևս կարելի է համարել անխոցելի, որովհետև այն երևույթները, և այն` նույնիսկ անեկդոտի աստիճանի հասնող երևույթները, որոնց մասին բազմաթիվ անգամ խոսել ենք ԱԺ-ի ամբիոնից և նաև` մեր ասուլիսների ժամանակ, այսօր չկան, և համակարգը գործում է այդտեղ, նույնիսկ ենթադրում է հստակ, որ բացասական երևույթներ չեն լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

Վերջինս իր ելույթի ժամանակ` ի պատասխան պատգամավորների հարցերի, առաջարկում էր օգտվել իրենց պաշտոնական կայքից: Սա ընդդիմադիր պատգամավորների շրջանում այն աստիճանի հեգնանք առաջացրեց, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի սկզբում ասաց, թե ցնցող լուր ունի` բոլորն իմացան, որ Վերահսկիչ պալատն ինտերնետային կայք ունի: «Ամենացնցող նորությունը, որ իմացանք` Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվությունը լսելու և դրան հետևած հարցուպատասխանի ժամանակ, այն էր, որ Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատն ինտերնետային կայք ունի: Տպավորությունն այնպիսին է, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն Ազգային ժողով է եկել այս բարեբաստիկ լուրը «ռասկրուտկա» անելու:

Վերահսկիչ պալատի նախագահն Ազգային ժողով է ներկայացրել 13 էջանոց մի թուղթ, որն, ըստ էության, տրիվիալ հայտարարությունների կույտ է: Նման հաշվետվություն կարող է կազմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտավորապես 70 տոկոսը, որովհետև բոլորը գիտեն, որ Հայաստանում, օրինակ, շինարարությունում տեղ են գտնում ծավալային հավելագրումներ, անորակ շինարարություն, որ պետական գնումների գործընթացի մասնակիցները գալիս են հակամրցակցային համաձայնության, մրցույթներն անցկացվում են ձևականորեն»,- նշեց Ն. Փաշինյանը` ընդգծելով, թե այդ հաշվետվությունն ամբողջությամբ «հեղուկ» է:

«Վերահսկիչ պալատի նախագահը չպատասխանեց նաև այն հարցին, թե հաշվետու ժամանակաշրջանում ինչպես է ընթացել իր շքեղ առանձնատան շինարարությունը Նոր Նորքում: Սա նշանակում է, որ Իշխան Զաքարյանն ինքը լրջագույն վերահսկողության կարիք ունի»,- ասաց Ն. Փաշինյանը: Իսկ նույն խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, թե «շնորհավորում» է ՎՊ-ի հաշվետվությունների առթիվ:

«Եվ, իսկապես, պարզվում է, որ կոռուպցիայի մեջ թաղված Հայաստանում դեռ գործում է մի օղակ, մի պետական մարմին, որ, արդեն չորս տարի է` բացահայտում է Հայաստանում պետական միջոցների լայնածավալ և համատարած չարաշահումների, յուրացումների խայտառակ պատկերը: Ավելին ասեմ` ոչ ոք դեռ այսպես մանրակրկիտ և հիմնավորված չի ներկայացրել ընդդիմության պնդումներն առ այն, որ Հայաստանում տիրում է կատարյալ ավազակապետություն, որքան հետևում է ՎՊ-ի ներկայացրած հաշվետվություններից»,- ասաց Լ. Զուրաբյանը:

Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ անդրադառնալով ՎՊ-ի հաշվետվությանը` նշեց, որ ԱԺ-ում ձևավորվել է ավանդույթ, որի համաձայն` Հայաստանի ամենավերահսկվող պալատը գրեթե տարին մեկ անգամ ներկայանում է հաշվետվությամբ, որ բավարարում է ժողովրդի մի մասի հարցերին:
Նա նաև ասաց, որ ՎՊ-ի ներկայացրած որևէ փաստ իրավական կոնկրետ գնահատական չի ստանում: «ԱԺ-ն պետք է դառնա հավատի օջախ: Վերահսկիչ պալատի այս հաշվետվությունը մեզ հեղինակություն չբերեց: Հասարակության մեջ կմնա այն մտայնությունը, որ կգանք-կխոսենք, մի քիչ գոլորշի բաց կթողնենք ու հետո կգնանք, այդ թալանչիների հետ քեֆ-ուրախություն կանենք: Խնդրում եմ` համաձայնեք ձևավորել ԱԺ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով: Ի դեպ, ուզում եմ ձեզ ասել, որ Նորվեգիայի ամբողջ ՎՊ-ն տրված է ընդդիմությանը, քանի որ այն շահագրգռված է բացահայտումներ անելու մեջ, իսկ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովն` իշխանությանը»:

Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանն էլ պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ բացթողումներ կան ՎՊ-ի ներկայացրած հաշվետվության մեջ, ասաց. «Ես կոմպետենտ չեմ ֆինանսական և տնտեսական հարցերի մեջ մասնագիտական մակարդակով խորանալու համար, բայց պետք է ասեմ, որ մենք լրջագույն խորհրդակցություն ենք ունեցել, մեր խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը երեկ հանդես եկավ իր ելույթով, որտեղ ներառված էին, ներկայացվում էին այն խնդիրները, որոնք մենք նկատել ենք, ուրվագծել ենք: Համապատասխան մասնագետների խումբն իր գլխավորությամբ շարունակում է աշխատանքները, և ակնարկները, ավելի ճիշտ` նկատողությունները, ներկայացրել ենք»: Տ. Ուրիխանյանի խոսքով` ինքը «կիսում» է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հարցադրումը, թե «անընդմեջ անհետևանք եզրակացությունները ՎՊ-ի մասին սկսում են նյարդայնացնել, և հարկավոր է որոշակի միջոցներ ձեռնարկել»:

«Անշուշտ, Իշխան Զաքարյանը խոսեց ՎՊ-ի` պատժիչ կամ կանխարգելիչ գործողություններ իրականացնելու անհնարինության մասին, նկատի ունեմ օրենքով չվերապահված իրենց լիազորությունները` քրեաիրավական դաշտում գործողություններ իրականացնելու համար: Այ, սա է կարևորագույն խնդիրը, որ ես պիտի մատնանշեմ: Ես` որպես քաղաքացի, որպես ԱԺ պատգամավոր, սպասում եմ այդ հետևանքներին` թե՛ վարչական, թե՛ իրավական հարթության մեջ»,- ասաց Տ. Ուրիխանյանը:

Ինչևէ, երեկ ԱԺ նիստի ավարտից հետո որոշ հարցերի պատասխաններ փորձեցինք ստանալ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ ՎՊ-ն ստուգումներ չի անցկացնում արդարադատության համակարգում, ուժային կառույցներում (այս մասին նախօրեին քննարկման ժամանակ ընդգծել էին ընդդիմադիր պատգամավորները), Ի. Զաքարյանը պատասխանեց. «Բոլոր տեղերում էլ ստուգումներ անցկացրել ենք, ուղղակի իրենք չգիտեն, որ կան թեմաներ, որոնք արվում են գաղտնի ռեժիմով: Երեկ ես պատասխանելով հարցին` ասացի, որ պատգամավորներն իրավունք ունեն դիմել և այդ նյութերի հետ կապված տեղեկատվություն ստանալ, բայց չկա մի բնագավառ, որ մենք ստուգում արած չլինենք»:

Իսկ մեր հաջորդ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հայտարարություններին, ըստ որոնց` թե՛ Վերահսկիչ պալատը, թե՛ անձամբ Ի. Զաքարյանն էլ վերահսկողության տակ են, վերջինս պատասխանեց. «Վերահսկիչ պալատն անկախ մարմին է, և ինքը չի կարող լինել վերահսկողության տակ: Այդպիսի բան աշխարհի ոչ մի պալատում, պրակտիկայում չկա: Երկրորդն էլ` Վերահսկիչ պալատն ինքն իր նյութերը տրամադրում է, և միակ տեղը, որ կարող է քննարկվել, վիճարկվել` դատարանն է: Մինչև այսօր` 4-5 տարվա մեջ չեմ հիշում դեպք, որ մեզ դատարան տված լինեն: Մեր բոլոր նյութերն ընդունում-ստորագրում են, հետո, չգիտես ինչի, անհասկանալի խոսում»:

Տեսանյութեր

Լրահոս