«Ամեն կարծիք հո չե՞նք մեկնաբանելու»

Գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատել է նախագահ Սերժ Սարգսյանը, հետևաբար՝ Պաշտպանության նախարարությունը չի կարող խոսել ազատման պատճառների մասին:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես պաշտոնի փոփոխություններին, ես չեմ ասում՝ կոնկրետ Փայտյանի դեպքում, ես կարող եմ ասել, որ բանակի բարեփոխումները ենթադրում են նաև կադրային փոփոխություններ, և սա մշտական պրոցես է»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:

Վերջինս չցանկացավ մեկնաբանել մամուլում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց՝ Արշալույս Փայտյանին պաշտոնից ազատել են այն պատճառով, որ նա բարեխղճորեն չի կատարել իր պարտականությունները. «Շատ կարծիքներ կան, ամեն կարծիք հո չե՞նք մեկնաբանելու»:

168.am-ը փորձեց զրուցել նաև Արշալույս Փայտյանի հետ` պարզելու համար նրա ազատման պատճառները, սակայն պարզվեց, որ նա արդեն փոխել է նաև իր հեռախոսահամարը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Արշալույս Փայտյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվել էր սեպտեմբերի 6-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս