Այսօր ծրագրավորողների միջազգային օրն է. Հայաստանում այն կընդունվի՞ պետականորեն
Սեպտեմբերի 12-ը Ծրագրավորողների միջազգային օրն է: Տոնը նշվում է ամեն տարվա 256-րդ օրը: Դա ունի իր բացատրությունը: Օրը նշվում է այսօր, քանի որ 256 թիվը 2-ի 8 աստիճանն է: Հետևաբար` 256-ն այն ամբողջ թվերի քանակն է, որը կարելի է արտահայտել մի բայթով (8 բիթ):
Տոնը ծրագրավորողները հիմնականում նշում են հենց համացանցում: Հայաստանյան ծրագրավորողներն այս տարի ոչ միայն սոցցանցերում շնորհավորում են միմյանց, այլև նույն սոցցանցում հատուկ նախաձեռնությամբ են հանդես եկել: Ծրագրավորող Արման Աթոյանը հատուկ facebook-յան էջ է պատրաստել, որտեղ առաջարկում է ՀՀ նախագահին պետականորեն ընդունել Ծրագրավորողների տոնը: Էջը կարող եք տեսնել այստեղ:
Էջում մասնավորապես գրված է. «Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը ՏՏ ոլորտը հռչակել է որպես տնտեսության գերակա ճյուղ: Ծրագրավորողները, լինելով այդ ոլորտի հիմնական առաջամարտիկները, չունեն իրենց տոնը:
Առաջարկում ենք մեր տոնացույցում ավելացնել այն, ինչպես արել են շատ այլ զարգացած երկրներ»:
Նշենք, որ Ծրագրավորողների միջազգային օրը նշելու միտքը հղացել են 1996թ.-ին` Ռուսաստանում: