«Գազպրոմը» գտել է Եվրահանձնաժողովի հակամենաշնորհային սահմանափակումների դրդապատճառը
«Գազպրոմը» Եվրահանձնաժողովի հակամենաշնորհային հետաքննությունը գնահատում է որպես գների նվազեցման փորձ: Այդ մասին այսօր РИА Новости կայքին տեղեկացրել է կոնցեռնի մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիանովը:
Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում «Գազպրոմը» և ռուսական կառավարությունը Եվրահանձնաժողովին երկխոսության են հրավիրել, սակայն եվրոպական պաշտոնյաների կողմից որևէ գործողություն չեն նկատել:
Կուպրիանովն ընդգծել է, որ «թույլ» տնտեսություն ունեցող Եվրամիությանը զեղչերի տրամադրումը հանդիսանում է այդ երկրների սուբսիդավորում: Իր խոսով, «Գազպրոմն» այսուհետ գնային քաղաքականության ցանկացած փոփոխություն կքննարկի ՌԴ կառավարության հետ, այդ թվում՝ նաև զեղչերի տրամադրումը: Համապատասխան հրահանգը սեպտեմբերի 11-ին ստորագրվել է նախագահ Պուտինի կողմից: Փաստաթուղթը պարտադրում է ռազմավարական կազմակերպություններին բոլոր գործողությունները քննարկել կառավարության անդամների հետ, երբ այլ երկրների կողմից ցանկացած տեսակի պահանջ է ներկայացվում:
Կուպրիանովի մեկնաբանությունը «Գազպրոմից» արված երրորդ պատասխանն է Եվրահանձնաժողովի հետաքննության վերաբերյալ: Սկզբում կազմակերպությունը հանդես եկավ մամլո հաղորդագրությամբ, որում եվրոպական պաշտոնյաներին հիշեցրեց, որ գազ մատակարարող ընկերությունը համարվում է ռազմավարական և գրանցված է Ռուսաստանում: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ «Գազպրոմը» հարգում է այն երկրների օրենքները, որոնց հետ համագործակցում է: Այնուհետև կազմակերպության փոխնախագահը Եվրահանձնաժողովի կողմից իրականացվող գործողությունները որակել է՝ որպես գողություն: Ղեկավարի խոսքով՝ հենց եվրոպական շուկայում «Գազպրոմը» տառապում է մրցակցության սահմանափակումից՝ ընկերությանն անվանելով եվրոպական շուկայում «շուկայական բարեփոխումների առաջնեկ»: Կազմակերպության ղեկավար Ալեքսեյ Միլլերը սեպտեմբերի 8-ին հայտարարեց, որ ներկայումս մենաշնորհի առաջնահերթությունն արևելյան գազի ծրագիրն է: Ավելի վաղ կոնցեռնն առաջնահերթ էր համարում ԵՄ շուկան: Ըստ Միլերի, մոտ ժամանակներս Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան գազի մատակարարումը կարագանա: Եվրահանձնաժողովը «Գազպրոմի» նկատմամբ սեպտեմբերի 4-ին սկսել է պաշտոնական հակամենաշնորհային հետաքննություն: Եվրոպական պաշտոնյաները մեղադրում են ռուսական կոնցեռնին օրենքի խախտման մեջ, որոնք երևացին շուկայական հարաբերություններում, անարդար գնային քաղաքականության և անկախ մատակարարներից գազի ձեռքբերմանը խոչընդոտելու մեջ: