Ատկատագիտություն
«Ժամանակը չէ՞ արդյոք գիտությունը պաշտպանել բոլոր նրանցից, ովքեր պաշտպանել են գիտական թեզեր»։
Միխայիլ Ֆրենկել
Պարզվում է՝ Հայաստանի գիտնականները ոչ միայն մտածում են գիտական արդյունք ստանալու ուղղությամբ, այլև՝ մտածում են նաև բուն մտածելու պրոցեսից փող վաստակելու մասին։ Այսպես, ՀՀ Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել գիտության ֆինանսավորման ոլորտում։ Այդ մասին այսօր հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ՀՀ Ազգային ժողովի քննարկումների ժամանակ՝ ներկայացնելով ՎՊ 2011 թ. հաշվետվությունը:
Պրն Զաքարյանը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեում մի շարք դեպքերում միևնույն աշխատանքների համար կրկնակի ֆինանսավորում է իրականացվել։ Այսինքն՝ մրցութային գիտական թեմաների անվանումները, իրականացված հետազոտությունները, ինչպես նաև գիտական հրապարակումները համընկնում են բազային ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հետ: Այդ չարաշահման արդյունքում կատարվել է 32,9 մլն դրամի անարդյունավետ ծախս:
Լավ չի։ Իհարկե լավ չի։ Առանց այն էլ բյուջեով գիտությանը չնչին գումարներ են բաժին հասնում։ Ու եթե դրա վրայից էլ մի քանի անբարեխիղճ «գիտնականներ» գումարներ են քերում, իրական գիտության ու գիտնականների համար ոչինչ չի մնում։
Սակայն, առանց խախտումներ անողներին արդարացնելու՝ նշենք, որ այս դեպքում պետությունը նույնքան մեղավոր է, որքան պետությունից փախցնողները։ Չի բացառվում, որ կրկնակի ֆինանսավորում ստացած աշխատանքն իրոք արժեքավոր լինի, հեղինակն էլ՝ կարգին մարդ ու լուրջ գիտնական, որին այդ կրկնակի ֆինանսավորումից համապատասխան չինովնիկը կոպեկներ է տվել։ Նրան մեղադրելը դժվար է, քանի որ, եթե պետությունը գիտնականներին լավ չի «նայում», գիտնականներն էլ ստիպված պետք է իրենք իրենց նայեն։ Ի վերջո, ուղեղը չի կարող միայն օդով աշխատել։
Ընդ որում, խոսքը միայն պետությանը չի վերաբերում։ Զարգացած երկրներում մասնավոր հատվածը պետությունից ոչ պակաս չափով է աջակցում գիտությանը։ Օրինակ, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, 2009 թվականին գիտության և գիտահետազոտական աշխատանքների վրա կատարված ծախսումները (ինչպես պետության, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից) Հայաստանում կազմել են ՀՆԱ-ի ընդամենը 0.27%-ը։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում այդ ցուցանիշը 1.25% է, Էստոնիայում՝ 1.44։ Դե, իսկ զարգացած երկրներում, որոնց հետ հավակնում ենք ոտք գցել մեր գիտելիքահենք տնտեսությամբ՝ 2.5-ից ավելի։ Օրինակ, Գերմանիայում այդ ցուցանիշը 2.82% է, Դանիայում՝ 3.02%, Ֆինլանդիայում՝ 3.96, Իսրայելում՝ ռեկորդային 4.27%։
Ընդ որում, մասնավոր ընկերությունների կողմից ֆինանսավորումն ամենևին բարեգործություն չէ։ Խոշոր կորպորացիաները դա անում են, առաջին հերթին, իրենց շահերից ելնելով, քանի որ գիտական արդյունքից զգալի օգուտ են քաղելու։ Օրինակ՝ «General Motors»-ը տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլար է ծախսում գիտահետազոտական աշխատանքների վրա։
Միգուցե ոմանք կասեն՝ մասշտաբների խնդիր է. մեր ընկերություններն այդքան ռեսուրսներ չունեն։ Ֆինանսներն, իհարկե, դեր խաղում են, սակայն շատ ավելի մեծ դեր են խաղում մոտեցման տարբերությունը և առաջնահերթությունները։
Եթե արտասահմանյան ընկերությունը պատրաստ է այսօր մի քանի միլիոն ծախսել՝ արդյունքը 10 կամ 15 տարի հետո տեսնելու հեռանկարով, ապա հայ գործարարները 1000 դոլար էլ չեն ծախսի, եթե վստահ չլինեն, որ առավելագույնը մեկ-երկու տարուց իրենց դրածը ետ է գալու։
Թեպետ մասնավորի այս մոտեցումն էլ գալիս է նույն պետական մոտեցման դրվածքից։ Նորանկախ Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ուսումնասիրելով՝ գալիս ես այն եզրահանգման, որ ոչ թե պետությունն է ծառայում տնտեսությանը և գիտությանը, այլ հակառակը՝ փորձում է այդ ամենը ծառայեցնել իրեն՝ բյուջեն և մի քանի հոգու գրպանները լցնելու համար։
Կարճ ասած, երբ մեր հարգելի իշխանավորները խոսում են գիտելիքի վրա հիմնված՝ գիտելիքահենք տնտեսության մասին, լավ կանեն սկզբում մտածեն, թե ինքը՝ գիտությո՞ւնը, ինչի վրա պետք է հիմնվի։ Երևի՝ դատարկ խոստումների ու գեղեցիկ ելույթների։