Չկա պրոֆեսիոնալիզմ` չկա դիվանագիտություն
Հարցազրույց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ
– 2004 թվականի փետրվարին ՆԱՏՕ–ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնելու հարցում ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ի՞նչ բացթողումներ են եղել:
– Հիմնական բացթողումը եղել է գոյություն ունեցող խնդրին ուշադիր չհետևելը, ինչպես ասում են` «աչքաթող անելը» և նախօրոք կանխարգելիչ միջոցներ ձեռք չառնելը: Տեղյակ լինելով Բաքվի լարած որոգայթներին, տեսնելով, որ Ադրբեջանը Բուդապեշտում բացում է դեսպանություն, ՀՀ արտգործնախարարությունը պետք է որ ունենար ադեկվատ` համապատասխան գործելակերպ: Դա, մեղմ ասած, չի եղել կամ եղել է ոչ համարժեք:
Մյուս կողմից` դեսպան Արման Կիրակոսյանի նկատմամբ հնչող քննադատությունը ես համարում եմ անարդար: Ոչ ոք չի ուզում նկատի առնել այն հանգամանքը, որ անցյալ տարվա հոկտեմբերից նա սպասում է իր հավատարմագրերը հանձնելու արարողությանը, որն առ այսօր ձգձվում է հունգարական կողմի մեղքով: Առանց հավատարմագրերի հանձնման դեսպանը ոտք չի կարող դնել երկիր: Սա` մեկ: Երկրորդը, Կիրակոսյանը լինելով ԱԳՆ-ի սակավաթիվ բարձրակարգ և փորձառու պրոֆեսիոնալներից մեկը, չէր կարող ժամանակին խնդրի վերաբերյալ հայտնած չլինել Երևան, եթե ահազանգ ունեցել է:
Այնպես որ, եթե նման ինֆորմացիա հասել է ԱԳՆ և չի գործել, մեղքը փնտրեք ուրիշ տեղ: Հետո, այսօր ով չի ծուլանում, պանիգիրիկ է հնչեցնում Հունգարիայի հայ համայնքին. «Տեսեք, թե ինչ զգոն, խելացի հայրենակիցներ ունենք, ովքեր դեսպանի պարտականությունը վերցրել են իրենց ուսերին»: Անկախ կոնկրետ այս դեպքից` ասեմ, որ համայնքների կապը Երևանի հետ, երբ այն շրջանցում է դեսպանությունները, խիստ վտանգավոր, հայկական դիվանագիտական կորպուսն անվանարկող խայտառակ պրակտիկա է, որը 20 տարի ծաղկում է մեր իրականությունում: Նման բան չեք գտնի աշխարհի ոչ մի երկրում, որ համայնքները խառնվեն պետության միջազգային հարաբերություններին:
Արտաքին գործերին առնչվող մեր երեք չինովնիկներից երկուսը Սփյուռքում ունեն իրենց «մինի արտգործնախարարությունները» և տեղեկատուների հոծ բանակ` հանձինս հայ կուսակցությունների, եկեղեցու, հասարակական կազմակերպությունների և անհատների: Դե, եթե այդպես է, էլ ինչո՞ւ ենք բյուջեն ծանրաբեռնում: Եկեք փակենք ԱԳՆ-ն և ներկայացուցչությունները, կունենանք ձրի դեսպաններ, որոնք զուգահեռաբար հոյակապ կանալ կարող են հանդիսանալ հատուկ ծառայությունների համար` Հայաստանը վերջնականապես քանդելու գործում: Չմոռանանք Հռոմը. Աստծո և կեսարի հասանելիքներն իրար խառնելը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
– Կատարվածի խորապատկերին ինչպե՞ս կբնորոշեք մեր դիվանագիտությունը:
– Դիվանագիտությունը, բացի արվեստ լինելուց` լուրջ, շատ լուրջ գիտություն է, որի գրված և չգրված օրենքներին, նրբություններին և խորքային շերտերին, տեսությանն ու պրակտիկային տիրապետելու համար տարիներ են պետք: Սրանց ավելացրեք պետական մեխանիզմների անհրաժեշտությունը: Մենք դարեր շարունակ զրկված ենք եղել այդ ամենից, որի հետևանքով չենք ստեղծել հայկական դիվանագիտական դպրոց:
– Մի՞թե 20 տարին բավական չի եղել նման դպրոց ստեղծելու համար:
– Այս գործում 20 տարին մի ակնթարթ է: Դիվանագետի բազային կրթության համար պետք է 10 տարի, խոսքս զուտ ուսումնառության մասին է: Անհրաժեշտ է ևս մի 10 տարի, որ երևա դիվանագետի աշխատանքի արդյունքները: Սովորաբար մարդիկ հասնում են այդ նպատակակետին հասուն տարիքում:
– Ստացվում է, որ երիտասարդ դիվանագետը չի՞ կարող լավ աշխատել:
– Ես այդպիսի բան չասացի: Պարզապես պետք չէ բուծել աքսելերատներ: Այս գործը շտապել չի սիրում: Դասական դիվանագիտության նախահայր հելլենները 50 տարեկանից երիտասարդներին դեսպաններ չէին նշանակում: Ինչո՞ւ համար: Նրանք նկատի էին առնում անձի ֆիզիոլոգիական և հոգեբանական հատկանիշները: Անշուշտ, ամեն դարաշրջան իր սրբագրումն ունի` ելնելով քաղաքական պահանջներից և միջազգային իրադրությունից: Հայաստանում, իհարկե, կան երիտասարդականից միջին տարիքին անցնող դիվանագետներ, որոնք փայլուն կրթություն են ստացել և ի զորու են լավ աշխատել, եթե նրանց հնարավորություն ընձեռվի: Բոլոր դեպքերում դիվանագիտության մեջ տարիքը շատ կարևոր է:
– Սակայն, Դուք այդպես էլ չբնորոշեցիք հայկական դիվանագիտությունը: Որո՞նք են նրա թերությունները:
– Հայկական դիվանագիտության աքիլեսյան գարշապարը նրա պասիվությունն է: Մոդել, որն ընդունելի չէ որևէ երկրի համար, իսկ Հայաստանի համար պարզապես դանդաղ գործող ական է, եթե նկատի առնենք մեր ներքին ու արտաքին խնդիրները և տարածաշրջանային քաղաքական ռեալիան:
– Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի դիվանագիտությունը:
– Այն պետք է լինի ակտիվ, եթե կուզեք` հարձակողական: Պասիվությունը խճճում է պատճառահետևանքային շղթան, որի արդյունքում` ուշանում ենք: Այնտեղ, ուր պետք է շտապել` դանդաղում ենք, և` հակառակը: Չենք տարբերում գլխավորը երկրորդականից: Կառքը դնում ենք ձիուց առաջ: Օրինակները շատ են, որոնցից վերջինը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի տապալումն էր: Հիշեք, թե դիվանագիտական այրերն ինչ խանդավառություն առաջացրին մարդկանց մոտ և հետո կանգնեցրին սառը ցնցուղի տակ:
– Ադրբեջանի դիվանագիտությունն ավելի՞ ակտիվ է, և ո՞վ է նրանց հետևում կանգնած:
– Ազերիները բոլոր վեկտորներով աշխատում են ագրեսիվ, ցինիկ, ֆանատիզմով` կրոնական մոլեգնությամբ: Սաֆարովի դեպքը` ձեզ օրինակ: Իսկ նրանց հետևում Անկարան է, իր բազմադարյա դիվանագիտական փորձով` սկսած բյուզանդական ճկուն և խարդախ դիվանագիտությունից:
– Ստացվում է, որ մենք տանո՞ւլ ենք տվել:
– Դեռ ոչ, բայց կարող ենք տանուլ տալ, եթե շտապ արմատական փոփոխությունների չգնանք:
– Կարո՞ղ եք թվարկել:
– Փորձեմ խոսել դրանցից մի քանիսի մասին: Ամենից առաջ` կադրերի մասին: «Կադրերն են որոշում ամեն ինչ»,- ասել է Իոսիֆ Ստալինը: Նա պարզապես այդպես է ձևակերպել իր միտքը: Մինչդեռ` կադրերի ընտրության հարցը բոլոր ժամանակներում գտնվել է պետությունների ուշադրության կենտրոնում: Հատկապես դիվանագետների հարցում: Անտիկ աշխարհի հույները դեսպաններ էին նշանակում Ժողովրդական ժողովում (Eklessia), հետո էլ լսում էին նրանց հաշվետվությունը` և՛ քաղաքական, և՛ ֆինանսական: Իսկ զանցառուներին ուղղակի գլխատում էին:
Պատկերացրեք նման տեսարան մեր Ազգային ժողովում: Սպանել պետք չէ, բայց, որ ԱԳՆ-ն կարիք ունի համակարգային փոփոխության, դիվանագիտական ռեֆորմի, կասկածից վեր է: Նայեք, թե ինչ է կատարվում: Մեր դեսպանների գրեթե 50 %-ը պրոֆեսիոնալներ չեն, մեղմ ասած` դիլետանտ են: Իսկ դիլետանտի համար քաղաքական-վերլուծական-ինֆորմացիոն աշխատանքը նույնն է, ինչ կոշկակարի համար` օպերա գրելը: Հետո` անձի սոցիալական ստատուսը պայմանավորում է նրա հոգեբանական հատկանիշները և բարոյական արժեքները: Եվ պե՞տք է արդյոք զարմանալ, որ 12-ի չափ հայ դեսպաններ ծառայությունն ավարտելուց հետո չեն վերադարձել Մայր հայրենիք: (Էդվարդ Նալբանդյանի օրոք այս ամոթալի երևույթը, բարեբախտաբար, չի կրկնվել):
Իսկ թե քանի շարքային դիվանագետ է նախընտրել Հայաստանը փոխել արտասահմանով` դժվարանում են ասել: Ամեն մասնագիտություն մերժում է դիլենտանտիզմը, իսկ դիվանագիտությունն` առաջին հերթին: Չկա պրոֆեսիոնալիզմ` չկա դիվանագիտություն: Այն դիվանագիտության դոմինանտն է, ոսկե օրենքներից մեկը: Մինչդեռ, անհասկանալի է, թե որտեղից է գալիս, սակայն փաստ է, որ Հայաստանում փնթի, քամահրական վերաբերմունք կա բարձրակարգ պրոֆեսիոնալ դիվանագետների նկատմամբ:
Միայն ափսոսել կարելի է:
Կադրային հարցերի կողքին խիստ կարևորվում է դիվանագիտության կապը հասարակության հետ: Գոյություն ունի այսպիսի մի միտում. Իսպանական դղյակների գաղտնապահություն հաղորդել դիվանագիտական կորպուսի գործունեությանը, որը տարածված է շատ երկրներում: Սա արատավոր պրակտիկա է, որի իսկական էությունը հաճախ դիվանագետների սխալների քողարկումն է մարդկանցից, որոնք իրենց գրպանից են վճարում նրանց աշխատավարձը: Ոչ մի խելքը գլխին մարդ չի պահանջի պետական գաղտնիքների և մեխանիզմների բացահայտում: Սակայն ժողովուրդն ուզում է իմանալ, թե ինչ են անում դիվանագետները: Թե ինչպես են անում` դա նրանց գործն է:
Եթե այս պարզ բանաձևը գործեր, այսօր Հայաստանը, Սփյուռքն էլ հետը, հանկարծակիի չէին գա և բառացիորեն շոկի մեջ չէին ընկնի Սաֆարովի դեպքի կապակցությամբ:
Դիվանագիտության բարեփոխումների մասին կարելի է երկար խոսել, որը դուրս կգա մի հարցազրույցի սահմաններից: Միայն ավելացնեմ, որ մեզ մոտ բացարձակապես, կրկին` թույլատրելիության սահմաններում, բացակայում է դիվանագիտական կորպուսի գործունեության հսկողությունը հասարակության կողմից: Ի՞նչ հասարակական հսկողության մասին կարող է խոսք լինել, եթե Հայաստանի ԱԳՆ-ում չի գործում կառավարման կարևորագույն մեխանիզմներից մեկը` նախարարությունը 10 տարուց ավելի չունի կոլեգիա: «Պետությունը` ես եմ»,- ասել է Արև-թագավոր Լյուդովիկոս IV-րդը: Քանի որ մենք մոտ ենք ֆրանսիական աշխարհընկալմանը և քաղաքական մշակույթին, մեր նախարարներն էլ հավանաբար մտածում են «ԱԳՆ-ն` ես եմ»:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Սաֆարովի կապակցությամբ Սերժ Սարգսյանի հայտարարությունը և դրան հաջորդող մյուս ելույթները:
– Դրական եմ գնահատում, որովհետև պետության ղեկավարն անպայման, և ա՛յդ տոնով պետք է գնահատեր կատարվածը: Միջազգային բոլոր արձագանքները, խիստ թե մեղմ, հաջորդեցին դրան: Իսկ տարբեր մակարդակներով, ներառյալ` ԱԺ-ի քննարկումը, որոնք հաջորդեցին այդ դեմարշին` ես միանշանակ չեմ ընկալում: Այստեղ գործեց այն մեխանիզմը, որն անվանվում է «Պապից ավելի կաթոլիկ»:
Իհարկե, մարդկանց կարելի է հասկանալ, սակայն, երբ պոռթկումը վերածվում է գերհայրենասիրական զգացմունքների շքերթի և անցնում է բոլոր սահմանները` դադարում է արտաքին քաղաքականության կատեգորիա լինելուց և կրում է ներազգային բնույթ, մանավանդ, երբ այն վերաբերում է մեր նման փոքր երկրներին: Երիտասարդի կամ պարզ քաղաքացու դեպքում սա ընդունելի է, իսկ երբ քաղաքականությամբ զբաղվողները կամ պետական ծառայողները թուրքերին և ազերիներին համարում են բթամիտ, «երկարականջ» ապուշներ, մոռանում են դիվանագիտության մյուս ոսկե օրենքը. «Երբեք թշնամուդ մի համարիր քեզնից հիմար»: Հուզականությունը և դիվանագիտությունն անհամատեղելի կատեգորիաներ են:
– Դուք հավանություն տալի՞ս եք Ազգային ժողովի հայտարարությանը:
– Այն հիմնականում գրագետ կազմված փաստաթուղթ է, քանի որ, ինչքան էլ քննադատենք ԱԺ-ն, այնտեղ կան լուրջ, խելահաս քաղաքագետներ, քիչ, բայց կան: Սակայն դրանում բացակայում է մի կարևոր պահ. չկան հետևություն և առաջարկություններ, որոնք հայտարարությունը դարձնում են ճապաղ, անատամ, անդեմ:
– Ինչպե՞ս եք տեսնում Հունգարիայի հետ մեր հետագա հարաբերությունները:
– Ժամանակը ցույց կտա, այսօր այդ հարաբերություններն անորոշ են, մշուշի մեջ: Սակայն մտածել, որ մի մարդասպանի պատճառով Հունգարիայի նման երկիրը կարող է դուրս մնալ մեր դիվանագիտական աշխարհագրությունից` առնվազն մանկամտություն է` ինֆանտիլիզմ: Ընդհակառակ, ստեղծված իրադրությունում հարկ է գտնել ոչ ստանդարտ լուծումներ: Մենք այսօր մեր դեմ տեսնում ենք երկու թշնամի` Ադրբեջան և Հունգարիա:
Մի՞թե դա խելամիտ է, ինչպե՞ս կարելի է հավասարության նշան դնել այդ երկրների միջև: Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի, օրինակ, ուղիներ փնտրել` ալյանս կազմելու Բուդապեշտի հետ, և գործողության սլաքն ուղղել Բաքվի դեմ: Սա ենթադրական մտորում է: Սակայն դիվանագիտության մեջ ամեն միջոց ընդունելի է, եթե այն բխում է երկրիդ շահերից: