Առողջապահության նախարարությունը «քցե՞լ» է «Արմենիա» բուժկենտրոնին

Քիչ առաջ 168.am-ին ահազանգեց «Արմենիա» բժշկական կենտրոնի հիվանդներից մեկը և տեղեկացրեց, որ հիվանդանոցում զգուշացրել են, թե այլևս պետպատվերի շրջանակներում ուղեգրիր ստացած հիվանդներին չեն սպասարկելու: «Ասացին` էլ պետպատվեր գոյություն չունի, չենք ընդունում«,- մեզ տեղեկացրեց 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող պետպատվերով ուղեգրված Մարիամ Փափազյանը:

Մենք զրուցեցինք «Արմենիա» բուժկենտրոնի Անոթային բաժանմունքի (որտեղ հիվանդին մերժել էին բուժսպասարկում իրականացնել) վարիչ Ժ. Պետրոսյանի հետ և պարզաբանում խնդրեցինք, թե ինչո՞ւ են հիվանդներին ճանապարհում տուն: Նա տեղեկացրեց, որ առավոտյան ընդունարանից հրահանգ են ստացել այլևս պետպատվերով հիվանդներին չընդունել: «Որովհետև պետությունը 70 մլն դրամ պարտք ունի մեր հիվանդանոցին, իսկ մենք այլևս չենք կարող սպասարկել պետության պատվերը: Մեր բաժնում պառկած հիվանդներից 70-80%-ը սոոցիալական այդ խմբերի մարդիկ են: Հասկանում եք, չէ՞, որ սա մասնավոր հաստատություն է, և չի կարող այդպես աշխատել: Իսկ ինչո՞ւ չեք հարցնում, թե այդ 70 մլն դրամի պարտքն ինչո՞ւ չեն մարում»,- ասաց Անոթային բաժանմունքի վարիչ Ժ. Պետրոսյանը` շեշտելով, որ հիվանդանոցը չի կարող իր հաշվին այդքան հիվանդի սպասարկել:

Մենք փորձեցինք նաև տեղեկատվություն ստանալ Առողջապահության նախարարությունից: Նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը սկզբում հերքեց պետության պարտքի մասին լուրը, իսկ ավելի ուշ արդեն ասաց. «Այո, կա այդ պարտքը, բայց կապ չունի, նրանք պարտավոր էին հիվանդին ընդունել»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս