
«Եթե ոմանք մղկտում են ԲՀԿ-ից, ապա թող բացատրեն հանրությանը, թե ինչո՞ւ են փորձում վատաբանել»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծիք հայտնեց, որ քաղաքական դաշտում, արդեն մեկ տարի է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ արհեստական իրավիճակ է ստեղծվել` ԲՀԿ-ին անվանելով փչած փուչիկ: «Կար ժամանակ, երբ իշխանությունները փորձում էին ամեն կերպ ուռճացնել այդ կուսակցության ազդեցությունը՝ դրանով մի կողմ մղելով ընդդիմությանը: Հետո ընդդիմությունը սկսեց նույնն անել՝ այն կողմից սկսելով փչել փուչիկը, և, ի վերջո, եկանք մի վիճակի, երբ փուչիկն արդեն ինքն է ձգտում քայլեր անել… Թվում է, թե բոլոր ակտուալ խնդիրների շուրջ պետք է կենտրոնում լիներ ԲՀԿ-ի դիրքորոշումը, որը երբեք չի լինում և չի էլ լինի, որովհետև չկա ռեալ պոտենցիալը, այ դա փչված է տարբեր կողմերից և շատ մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, երբ ուրիշները փորձում են մի կողմ քաշվել և նման մի արհեստական փուչիկի լեզվով լուծել իրենց խնդիրները` թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը»,- ասաց քաղաքագետը:
168.am-ը ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին խնդրեց մեկնաբանել Մանվել Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունը, ինչին ի պատասխան, նա ասաց. «Քաղաքագետ` կատեգորիա, կոչում, մասնագիտություն, չգիտեմ` դա ինչպես անվանել, և այդպիսի անմակարդակ, ոչ կոռեկտ ձևակերպումներ, ելույթներ ու արտահայտություններ, անհամատեղելի են: Չգիտեմ` ո՞վ է իրեն տվել քաղաքագետի որակավորումը, ամեն դեպքում կոչ կանեի ավելի պարկեշտ արտահայտվել, եթե ունի այդ հնարավորությունները»:
«Եթե նրա կարողությունները թույլ չեն տալիս ըմբռնել այն ամենը, ինչ մենք ասել ենք, ինչն ապացուցում է իր մտքերի կամ հիմնավորված չլինելը, կամ արհեստածին լինելը` որևէ պատճառով շահագրգռություն նրա մոտ առաջացնելով, ուրեմն` ես դրան որևէ բան ավելացնելու չունեմ: ԲՀԿ-ն ունի իր ուրույն քաղաքական կուրսը, հստակ նպատակները, ընդ որում` արդեն շատ-շատերի համար հասկանալի և ուրվագծվող սեփական նկրտումներն ու պատկերացումներն այս երկրի ապագայի, զարգացման և բարեփոխումների վերաբերյալ: Եվ եթե ոմանք դրանից մղկտում են, ուրեմն թող ազնիվ լինեն հանրության հետ և բացատրեն, թե ինչո՞ւ են վախենում կամ փորձում վատաբանել»,- հավելեց ԲՀԿ խոսնակը: