«Ռուբեն Հայրապետյանն ի՞նչ է՝ Ամերիկա՞ է բացահայտել»

«ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չեն էլ թաքցնում Սերժ Սարգսյանին թուլացնելու իրենց ձգտումը»,-   168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ ֆրանսիական ամսագրին տված հայտնի հարցազրույցի այն հատվածին, ըստ որի՝  «Ոհմակ են՝ Բարգավաճ, Լևոն, բոլորը միավորվել են… Դա է նրանց պայքարը: Դա իմ դեմ չէ, նրանք փորձում են Սերժ Սարգսյանին թուլացնել»:

«Ռուբեն Հայրապետյանն իր այդ հայտարարությամբ հայտնագործություն չի արել: Նա ի՞նչ է՝ Ամերիկա՞ է բացահայտել: Այն, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն այսօր փորձում են համագործակցել, այն, որ ԲՀԿ-ն համագործակցելով ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, նպատակ է հետապնդում՝ առավելություն ձեռք բերել ՀՀԿ-ի նկատմամբ, դա ակնհայտ է, անզեն աչքով երևացող ճշմարտություն: ԲՀԿ-ն ինձ մեղադրում է, որ լարախաղաց եմ, մանևրելու վարպետ, այն դեպքում, երբ իրենք են մանևրում Ս. Սարգսյանի, ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի միջև: Ես կցանկանամ, որ Ռ. Հայրապետյանը չտրվի այն սադրանքներին, որոնց վերաբերյալ ինքն իր մարդկայնորեն հասկանալի ցասումն է արտահայտում այդ հարցազրույցով, այլ դրա փոխարեն՝ լինի հետևողական ու ետ չկանգնի իր մանդատը դնելու որոշումից»,- նշեց Հ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «մանևրելու հաշվին ԲՀԿ-ն ցանկանում է առավելություն ձեռք բերել ՀՀԿ-ի ու վերջինիս առաջնորդի նկատմամբ»:

Հմայակ Հովհաննիսյանը շեշտեց, որ, այնուամենայնիվ, նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն հանդես կգա սեփական թեկնածուով: Ինչ վերաբերում է նրան, թե ով կլինի ԲՀԿ թեկնածուն, ապա Հ. Հովհաննիսյանը հակված է մտածելու, որ ԲՀԿ-ն կառաջադրի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Երկրորդ տարբերակը ես ավելի հավանական եմ համարում ստեղծված պայմաններում: Եթե Ռ. Քոչարյանը որոշի մասնակցել նախագահական ընտրություններին, նա կլինի ԲՀԿ թեկնածուն, իսկ եթե չմասնակցի՝ ԲՀԿ-ն կառաջադրի, հավանաբար, Գ. Ծառուկյանի թեկնածությունը, որին էլ, կարծում եմ, կպաշտպանեն ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը»:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս