
Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը Ստյոպա Սաֆարյանինը չէ՞

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը հերքեց դեռևս խորհրդարանական ընտրություններից հետո շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց՝ եթե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վայր դնի մանդատը, նրա փոխարեն խորհրդարան կանցնի հենց ինքը:
«Նման բան չկա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն պատգամավորական մանդատը ես կվերցնեմ: Նրա փոխարեն ԱԺ կմտնի, հավանաբար, ցուցակի հաջորդ՝ 6-րդ, համարը: Իսկ քննարկում այն թեմայով, թե ո՞վ կլինի նրա փոխարեն, կուսակցությունում դեռևս չի եղել»,- ասաց Սաֆարյանը:
Ավելի վաղ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը 168.am-ին հայտնել էր, որ, հավանաբար, շաբաթվա վերջին կքննարկվի, թե ով կլինի կուսակցության հաջորդ պատգամավորը: «Դեռ ժամկետ կա, որ մենք որոշենք, թե ով կլինի այդ պատգամավորը, և դեռ տասնհինգ օր կա, որ հաստատվի Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաբացարկի դիմումը, ուստի դեռ ժամանակ կա, որ կուսակցությունը քննարկի այս հարցը»,- մեզ հետ զրույցում նշել էր Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ-ին դիմում է ներկայացրել՝ իր մանդատից հրաժարվելու մասին։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։