Բաժիններ՝

Բյուրականում տեղի կունենա երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցի բացումը

Սեպտեմբերի 15-23-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց-միջոցառումը, որն անցկացվում է արդեն չորրորդ անգամ:

Դպրոցի պաշտոնական բացումը տեղի կունենա երկուշաբթի` սեպտեմբերի 17-ին, ժամը 9:30-ին, Բյուրականի աստղադիտարանի խորհրդակցությունների մեծ դահլիճում:  Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:

Տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այս անգամ դպրոցն անցկացվում է Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Մասնակիցների թվում են շուրջ 35 երիտասարդ աստղագետներ և ուսանողներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Եգիպտոսից, Իրանից, Հայաստանից և այլ երկրներից:

Դպրոցին դասախոսություններ և գործնական պարապմունքներ անցկացնելու համար հրավիրված են այնպիսի նշանավոր աստղագետներ, ինչպիսիք են հնդիկ նշանավոր տիեզերաբան Ջայանթ Նարլիկարը, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսորներ Երվանդ Թերզյանը և Ռիչարդ Լովելասը, Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակի 2010թ. հաղթող Գարիկ Իսրաելյանը (Իսպանիա) և այս տարվա հաղթողներ Յան Էյնաստոն (Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Ռուսաստան), ֆրանսահայ աստղագետ Ժորժ Ալեսյանը, իտալացի աստղագետ Կորին Ռոսին և այլք, ինչպես նաև՝ ԲԱ աստղագետներ:

Կարդացեք նաև

Դասախոսվող և քննարկվող թեմաներն են լինելու ցամաքային և տիեզերական աստղադիտակները և դիտողական տեխնիկան, համակարգիչները և տվյալների մշակման համակարգերը աստղագիտության մեջ, աստղագիտական կատալոգները, շրջահայությունները, տվյալների շտեմարանները և վիրտուալ աստղադիտարանները, զանազան եղանակներով մոլորակների, աստղերի, միգամածությունների և գալակտիկաների ուսումնասիրությունները, տիեզերաբանությունը, արտաարեգակնային մոլորակները, պատմա-աստղագիտությունը և աստղագիտական ժառանգությունը:

Դասախոսություններից և գործնական պարապմունքներից բացի, մասնակիցների համար կկազմակերպվեն դիտումներ և դրանց արդյունքների մշակում, ծանոթություն աստղադիտարանի աշխատանքներին և շրջագայություններ Հայաստանում: Դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան նաև մասնակցելու Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման սեպտեմբերի 18-ին կայանալիք արարողությանը և «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով սեպտեմբերի 25-28-ին կայանալիք միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովին, որը նվիրված կլինի ինչպես՝ Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ՝ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը:

Հիշեցնենք, որ բյուրականյան միջազգային ամառային դպրոցների շարքը սկսվել է 2006թ. և անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Նախորդ դպրոցներին (2006, 2008, 2010 թթ.) մասնակցել են 21 երկրների 100-ից ավելի ուսանողներ: Դասախոսների թվում են եղել այնպիսի նշանավոր գիտնականներ, ինչպիսիք են Դանիել Վիդմանը և Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ), Դանիել Կունտը, Միշել Դենեֆելդը և Գարի Մամոնը (Ֆրանսիա), Դիտեր Էնգելսը և Լուտց Վիսոցկին (Գերմանիա), Մասիմո Տուրատոն (Իտալիա) , Ժան-Պիեռ դե Գրևը (Բելգիա) և այլք, ընդհանուր թվով՝ 26 արտասահմանյան աստղագետներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս