Բաժիններ՝

Ռոբերտ Մելքոնյանը` Մարտի 1-ի և նրա շուրջ…

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մարտի 1-ի դեպքերին` կոչ անելով մեղավորներ չփնտրել:

Նա իր գրառումը սկսել է` մեջբերելով Չերչիլի հետևյալ խոսքը. «Եթե մենք վեճ բացենք անցյալի ու ներկայի միջև, կտեսնենք, որ կորցրել ենք ապագան»:

«Մարտի 1-ի և նրա շուրջ…

Այս վերջին հինգ տարիների իմ վերաբերյալ թերթերում, կայքերում հրապարակված գրեթե բոլոր հոդվածները, տեսանյութերը պահում եմ: Այն բավականին շատ և մեծ արխիվ է:

Կարդացեք նաև

Հավանաբար մի օր գրիչը կառնեմ ձեռքս և հիշողություններս, տպավորություններս կհանձնեմ թղթին: Կփորձեմ օբյեկտիվ նկարագրել այդ տարիների միջադեպերը, իրավիճակները և արդեն հավանաբար, որպես քաղաքացի՝ ոչ որպես պաշտոնյա, կնկարագրեմ դեպքերը, իրադարձությունները: Կանդրադառնամ նաև «մարտի 1-ի» այն իրադարձություններին որոնց առնչվել եմ ես: Դա հետո…

Իսկ հիմա, հաշվի առնելով, որ կրկին փորձ է արվում թարմացնել հիշողությունները, խոսակցությունները մարտի 1-ի և նրա շուրջ, վերհիշվել են եվրոդատարաններն ու եվրոկառույցները, ուղղակի որպես քաղաքացի ուզում եմ իմ մտահոգություններով կիսվեմ, փորձեմ հիշեցնել, որ մեզնից ոչ ոք չպետք է հավակնի ստանձնել միակ անաչառ, արդար, օրինականության համար պայքարող մարդու դերը…
Անհասկանալի է մարտի 1-ով միջազգային կառույցների դռները դոփելու անհրաժեշտությունը հենց հիմա: Մարտի 1-ից հետո անցել է շուրջ չորս տարի, այդ ժամանակաշրջանը քավության, ապաշխարության, ինքնամաքրման, կայացման, արժեքների վերագնահատման և դեպի ապագա մաքրված գնալու ժամանակաշրջան էր: Պետք չէ կրկին փնտրել մեղավորների, մեղավոր ենք բոլորս հավասարապես՝ թե՛ իշխանությունները, թե՛ ընդիմադիրները, թե՛ ողջ ժողովուրդը:
Ողղակի պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մարտի 1-եր չտեսնենք և առաջ նայենք, մեր երկրի, մեր պետության առջև ծառացած խնդիրները լուծենք համախմբված և միասնական:
Հայաստանն այսօր լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: Լարված, պայթունավտանգ իրավիճակ է տարածաշրջանում՝ Իրան, Իրաք, Սիրիա, Թուրքիա, Ադրբեջան, ԼՂՀ, գերտերությունների շահերի բախում կապված այդ ամենի շուրջ…
Կարծես ծանոթ իրավիճակ է, ցավալիորեն պատմությունը նաև կրկնվելու նախադեպեր ունի: Չի կարելի հասարակությանը միայն վրեժի ու պատժի գաղափարներով սնել: Ամեն ինչ ժխտելու, ամեն ինչում վատը տեսնելու գաղափարներով մենք հեռուն չենք գնա և կկորցնենք նաև այն ձեռքբերումները որոնք դժվարությամբ ենք նվաճել:
Չմոռանանք, որ մեծն Եղիշեն ոչ միայն գովերգում էր միասնականությունն ու միավորումը, այլեւ զգուշացնում էր մեզ, թե որքան էլ ամուր լինեն մեր հայրենիքի պարիսպները, ինչպիսի խիզախությամբ էլ կռվեն նրա որդիները, դժբախտությունն անխուսափելի է, եթե Աստված չանի, ի հայտ գան անձնապաշտ մարդիկ:
Կարծում եմ, վտանգավոր է այսօր, երբ իրավիճակը փոխվել է, պիտակներ կպցնել, փորձել պատասխանատվության կանչել, մենտորական տոնով կշտամբել, առանց հաշվի առնելու իրադրությունը և ներկա ժամանակահատվածի առանձնահատկությունները:
Մեզ հիմա, առավել քան երբևիցե` միասնականություն է պետք: Դրսից ոչ մեկը, ոչ ոք չի կարող օգնել մեզ: Միայն մենք, ինքներս մեզ հետ կռիվ չտանք, այլ լինենք հաշտ ու խաղաղ, միասնական, սիրենք ու վստահենք իրար, այդ դեպքում ամեն-ամեն բան մեզ կհաջողվի…»,- գրել է Ռոբերտ Մելքոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս