
Մեղրիի պարտված ՀՀԿ-ական թեկնածուն Լիսկայի ասածն ընդունում է՝ որպես չափանիշ

168.am–ը Մեղրիում տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման ընտրություններում պարտություն կրած ՀՀԿ-ական թեկնածու, Մեղրիի գործող քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորում իր պարտությունը: Ի պատասխան, նա ասաց. «Բայց խի՞ պիտի ես քեզ ասեմ, դու քանի՞ տարեկան ես»:
Իսկ հարցին, թե՝ Ձեր կարծիքով` հաղթած անհատ ձեռներեց, անկուսակցական թեկնածու Արշավիր Հովհաննիսյանն ավելի ուժե՞ղ էր, քան Դուք, Ս. Հայրապետյանը պատասխանեց. «Ուրեմն` հաղթողը միշտ ուժեղ ա լինում, քան թե պարտվողը»:
Իսկ դիտարկմանը, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում Ձեր պարտության մասին ասել էր, թե` «Ամեն մարդ պետք ա ինքն իրան աջակցի: Եթե 4 տարի չաշխատի, վերջին մի ամսվա մեջ էդ մարդը ո՞նց ընտրվի: Կարծում եմ, թե դա չի ստացվի: Դե, ես ինչքան էլ գոհ լինեմ, դժգոհ լինեմ, համենայնդեպս, ժողովուրդն է գնահատականը տալիս», Ս. Հայրապետյանն այսպես պատասխանեց. «Մարզպետն ասաց` չե՞ք աշխատել, բնականաբար, չընտրվեցի՞… Դե դա էլ ընդունեք չափանիշ: Էլ ես ոչ մի բան չեմ ասում»: