«Կառավարությունը չի կարող պատասխանատու լինել «բարոյական բեսպրեդելի» մեջ գտնվողի համար»

«Ընդդիմադիրների կարծիքով` իշխանությունը ստանում է ավեի շատ քվեներ, բայց պետք չէ մոռանալ, որ ժողովուրդն է տալիս այդ քվեները: Վերջ տվեք ձեր մեղադրանքներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը:

Դիմելով ասուլիսի մյուս բանախոս՝ ԿԲ նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանին` Մանվել Բադեյանն ասաց. «Եթե ընտրության արդյունքները չեն բավարարում, պատճառը պետք է փնտրեք սեփական անձի մեջ և ոչ՝ իշխանության մեջ: Կեղծիքներ լինում են երկուստեք, սակայն ընդդիմությունն էլ է անում կեղծիքներ: Միայն իշխանությունը չէ, որ կեղծիք է անում: Օրինակը երեկվա Գյումրի քաղաքի ՏԻՄ ընտրությունների մասին է: Չեմ նշի կուսակցության անունը, սակայն եղել են խիստ ընտրախախտումներ: Ինչո՞ւ չենք խոսում այդ մասին»,- մեկնաբանեց Մ.Բադեյանը:

Հակադարձելով Մ. Բադեյանին, Բ. Ասատրյանն ասաց. «Տալով գնահատական ՏԻՄ ընտրություններին, կասեմ՝ իշխանության գործիքը փողն է, Ոստիկանությունը: Քաղաքացիներն իշխանությանը չեն: Մի ահաբեկեք քաղաքացիներին, որ իրենց ձայնը ձեզ տան: Ձեր հիմնական նպատակն իշխանությանը քվե բերելն է, բայց ոչ ահաբեկելով և վախեցնելով»,- ասաց Բ.Ասատրյանը:

Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու խնդրի շուրջ ՀՀ կառավարության հասցեին հնչող մեղադրանքներին, Մ.Բադեյանն ասաց. «Ընդդիմությունն առիթ բաց չի թողնում՝ քննադատելու իշխանությանը, բայց եկեք տեսնենք՝ մի՞թե քաղաքական ուժը պատասխանատու է բարոյական տականքների արարքների համար»:

Կարդացեք նաև

Նաև հավելեց. «Որևէ մեկը չի կարող պատասխանատվություն կրել, եթե դիմացինդ իր էությամբ հանցագործ է: Չի կարող պատասխանատու լինել «բարոյական բեսպրեդելի» մեջ գտնվողի համար: Եթե մենք գործ ունենք մարդասպանների հետ, այս դեպքում՝ Ադրբեջանի հետ, պայքարի չափանիշներն այլ են»,-ասաց Մ.Բադեյանը:

Ի պատասխան՝ Բագրատ Ասատրյանը հայտարարեց, թե ինքը վերապահումով է մոտենում ՀՀ կառավարության հասցեին քննադատությանը: «Կառավարությանը դարձրել են քավության նոխազ»,- ասաց նա:

ՀԱԿ ներկայացուցիչը նաև նշեց.  «Չի կարող Ադրբեջանը լինել մարդասպան: Մենք հասել ենք այն ամենին, ինչին ձգտել ենք: Հիստերիկան մեզ ոչինչ չի տալու: Սխալ է խզել հարաբերությունները Հունգարիայի հետ: Պետք է ուղղակի լուրջ նստել և քննարկել»: Նրա խոսքով` հարկավոր է ՀՀ իշխանություններին պատասխանատվության ենթարկել թե՛ Մարտի 1-ի, թե՛ Սաֆարովի էքստրադիցիայի համար:

«Մեր երկիրը փոքր, թույլ, աննշան, միջազգային աշխարհում հեղինակություն չունեցող երկիր է: Անօրինությունները շատ են՝ երկրից տարեկան ավելի մեծ թվով արտագաղթ է տեղի ունենում, սակայն ընտրությունից ընտրություն ավելի շատ ձայներ է հավաքում իշխանությունը: Բոլոր ցուցանիշները տապալված են»,- ասաց Բ.Ասատրյանը:

Ըստ Բ.Ասատրյանի` կան քաղաքական պայքարի կանոններ, ու պետք է հետևել այդ կանոնների պահպանմանը: «Փոխանակ ընտրություններ կազմակերպեք, մի հատ աշխատեք՝ մեր մշակութային կոթողները պահպանեք: Օրինակ, Գառնու ձորի ողջ տարածքով մարդիկ աղբ են նետում, դիմել ենք գյուղապետին, սակայն նա միայն ընտրություններ կազմակերպելով է զբաղված»,- հակադարձեց Բագրատ Ասատրյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս