«Կինը միշտ ցանկանում է թույլ և անպաշտպան լինել»

Կանանց մասին այս կարծիքն ունի «ՄագԱվտո» հաղորդաշարի հաղորդավարուհի Մագա Մարտիրոսյանը: Մագան 1998 թվականից հեռուստատեսությունում է աշխատում: Սկզբնական շրջանում աշխատել է «ԱՐ» հեռուստաընկերությունում, վարել է մի շարք հաղորդումներ, ապա 2001թ. սկսել է վարել « ՄագԱվտո շոու»՝ ավտոմեքենաների մասին հեղինակային հաղորդումը: Մինչ այսօր Մագան աշխատում է հեռուստատեսությունում՝ որպես իր հաղորդման ռեժիսոր և հաղորդավար:

– Հե՞շտ ստացվեց մուտքդ հեռուստատեսություն:

– Հաղորդավարի դասընթացներ անցնելուց հետո, ես սկսեցի աշխատել հեռուստատեսությունում: Վարել եմ մի շարք հաղորդումներ, և մի ծրագրից մյուսին անցումն ինձ համար շատ սահուն է ստացվել:

– Չէի՞ր մտածում, որ ավտոմեքենաների մասին կնոջ կողմից պատմվող հաղորդաշարին հանդիսատեսը կարող էր և թերահավատորեն վերաբերվել:

Կարդացեք նաև

– Շատ լավ ընդունվեց հաղորդումը: Բուռն արձագանք գտավ, որն ինձ համար շատ կարևոր էր: Չէ՛, թերահավատորեն չէին վերաբերվում: Լավ ընդունեցին, և մինչ օրս էլ այդպես է: Հայերն ավտոսիրող ժողովուրդ են, և մեքենաների մասին խոսել, պատմել, իրենց մեքենաներով հպարտանալ շատ են սիրում: Ուստի իմ հաղորդումը նրանց ընձեռեց նման հնարավորություն: Ընդ որում, այն ժամանակ հաղորդմանս հյուրերը վարում էին հիմնականում սովետական մեքենաներ:

– Ո՞վ է եղել քո առաջին հյուրը:

– Երգչուհի Արմինե Գրիգորյանն էր՝ Վազ 2108 մակնիշի կանաչ ավտոմեքենայով:

– Ավտոմեքենաների հանդեպ այդչափ սերը որտեղի՞ց:

– Դեռ մանկուց, երբ 8-9 տարեկան էի, եղբայրս էր սովորեցնում ինձ մեքենա վարել: Մենք տանը մի քանի մեքենաներ ունեինք, և ինձ էլ սովորեցնում էր: Իմ առաջին մեքենան «Զապորոժեցն» էր: Ես և եղբայրս, հայրիկիցս թաքուն, մեքենան վերցնում էինք և քաղաքով շրջում: Ինձ համար այդ մեքենան մեծ նշանակություն ուներ, դրա միջոցով ես իմ առաջին քայլերն արեցի: Ես սիրում էի մեր բակի երեխաներին լցնել մեր մեքենայի մեջ և նրանց ման տալ: Այդպես երկար շարունակվեց, մինչև օրերից մի օր հայրս հենվեց մեքենայի կապոտին և հարցրեց, թե ինչո՞ւ է մեքենայի շարժիչը տաք: Այդպես «բռնվեցինք»…

– Հայրդ ինչպե՞ս էր վերաբերվում քո՝ մեքենաների հանդեպ այդչափ մեծ սիրուն:

– Լավ էր վերաբերվում: Ինձ երբեք չեն արգելել մեքենա վարել: Հետագայում արդեն, թե՛ դպրոցն ավարտելուց հետո, թե՛ իմ հետագա մեքենաները ես նվեր ստացա իմ եղբորից: Ինձ համար եղբայրս եղել է և՛ եղբայր, և՛ ընկեր, և՛ «ուսուցիչ»: Նա ինձ համար բոլորին և ամեն ինչին փոխարինել է: Մենք այն ժամանակ Ռուսաստանում էինք բնակվում, և եղբորս՝ քրոջ հանդեպ խստությունը, սերը շատ ավելի էր դրսևորվում:

– Ինչպիսի՞ երեխա ես եղել:

– Շատ շարժուն, ակտիվ: Ռուսաստանում երբեմն տղաների էի ծեծում, երբ իրենց խելոք չէին պահում: Ես շատ էի նեղվում, երբ իմ հանդեպ ինչ-որ ռասիստական մոտեցում էին ցուցաբերում: Անգամ մի օր, երբ մի հայ տղայի նեղացրել էին, և նա իրեն չէր կարողացել պաշտպանվել, ծեծեցի և՛ նրան, և՛ այն տղաներին, ովքեր նրան նեղացրել էին: Հայ տղային՝ նրա համար, որ ինքն իրեն և իր անունը չէր կարողացել պաշտպանել, մյուսներին էլ՝ նրա համար, որ նեղացրել էին այդ տղային: Ես կարատեի էի հաճախում, որ ուժեղ լինեի և բոլորին ապացուցեի, որ կարող եմ ինձ պաշտպանել:

– Ե՞րբ ես դարձել ինքնուրույն:

– 1990-ականներին որոշեցի, որ պետք է գամ Հայաստան: Մայրս ինձ քաջալերեց, օգնեց այդ հարցում, քանի որ նա էլ էր ձգտում իր երկրում ապրել: Բոլորն այստեղից հեռանում էին, իսկ ես վերադարձա իմ երկիր: Միշտ մեջս այդ ցանկությունը կար, որ, եթե սկսեմ ինքնուրույն ապրել, ապա պետք է ապրեմ իմ երկրում: Ցուրտ էր, մութ, բայց ինձ այստեղ դուր էր գալիս: Սովորեցի և շատ լավ ավարտեցի Համալսարանը:

– Երբևէ ծնողներդ ինչ-որ բան քեզ արգելե՞լ են:

– Ընդհանրապես արգելքներին վատ եմ վերաբերվում: Միշտ նման դեպքերում անձը նմանվում է վանդակում պահվող շանը, որն առավել սարսափելի է դառնում, երբ նրան բաց են թողնում: Տգեղ համեմատություն էր, բայց ինձ համար դա այդպես է: Երբ որևէ հարց էր առաջանում, հարցնում էի հայրիկիս, հայրս ասում էր, որ եղբայր ունեմ, իսկ եղբայրս էլ շատ հանգիստ կարողանում էր ասել «ոչ»` առանց բացատրության: Թեև եղբայրս ինձ ոչնչից չէր զրկում, ինքն էր տանում, բայց և երբեք թույլ չի տվել այդքանը ունենալու հետ մեկտեղ՝ շփանալ կամ ոչ հայեցի մեծանալ:

– Մագան լա՞վ մայր է:

– Ես զերծ եմ մնում իմ մասին որևէ գնահատական տալուց, սակայն այս հարցում վստահ կարող եմ ասել, որ՝ այո: Բալիկս է դա ասում: Ես հպարտանում եմ իմ տղայով, ուրախանում եմ նրա հաջողություններով և անում եմ իր համար ամեն ինչ: Մի փոքր դժվար է լինել և՛ հայր, և՛ մայր, և՛ ընկեր, բայց մենք միմյանց շատ լավ հասկանում ենք:

– Լա՞վ խոհարար ես:

– Ո՛չ: Պատրաստում եմ այն, ինչ իմ տղան է սիրում: Դա լավ եմ պատրաստում: Անում եմ թե՛ տան, թե՛ բալիկիս հետ կապված գործերն ինքնուրույն:

– Ի՞նչ է սիրում բալիկդ:

– Բոլոր հայ տղամարդկանց նման, շատ է սիրում մսեղեն և կարտոֆիլ: Երբեմն, փոփոխության համար, որևէ թեթև սնունդ ենք մի քանի օր ուտում, բայց հետո կրկին անցնում ենք մսեղենին և կարտոֆիլին:

– Քո կարծիքով` կինն ամենից շատ ի՞նչ է ցանկանում:

– Կինը միշտ ցանկանում է թույլ և անպաշտպան լինել: Որքան էլ ուժեղ լինի կինը, միևնույն է, ցանկանում է, որպեսզի իրեն որևէ մեկը պաշտպանի: Կինն ուժեղ պետք է լինի, բայց, այդ ամենի հետ մեկտեղ, չպետք է մոռանա, որ կին է: Հաճախ եմ տեսնում կանանց, ովքեր ամուսնանալուց հետո դադարում են հետևել իրենց: Կինը միշտ պետք է խնամված, կոկիկ, կանացի և ցանկալի լինի իր տղամարդու համար, և հաճելի` բոլորի համար:


Տեսանյութեր

Լրահոս