Գարի Կասպարով. Չեմ գնա Բաքու, մինչև Հայաստանն ու Ադրբեջանը չլուծեն իրենց խնդիրները
Բոլոր ժամանակների լավագույն շախմատիստներից մեկը` աշխարհի 13-րդ չեմպիոն հայազգի Գարի Կասպարովը, պատասխանելով azerisport.com-ի հարցերին, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը` նշելով, որ քանի դեռ երկու երկրների միջև կոնֆլիկտը հարթված չէ ինքը չի կարող գնալ Բաքու:
– Բոլորին զարմացրեց Ձեր ներկայությունը միջացառմանը, որի ժամանակ Բաքուն ներկայացվում էր որպես 2016 թվականի Շախմատի համաշխարհային օլիմպիադան ընդունող քաղաքի թեկնածու:
– Բաքուն արագ տեմպերով զարգացող քաղաք է, և ես կապված եմ այդ քաղաքի հետ: Ես էլ նկատեցի, որ շատերը զարմացած էին: Ինձ հետաքրքիր էր տեսնել` ինչ պայմաններ է առաջարկում Բաքուն Օլիմպիադայի անցկացման համար: Սա շատ մեծ մրցաշար է, որն անհրաժեշտ է բարձր մակարդակով կազմակերպել: Ես չեմ մասնակցում ընտրությանը, այդ պատճառով թեքնածուների մասին ոչինչ չեմ կարող ասել:
– Ստամբուլի Օլիմպիադայի պայմաններից գո՞հ եք:
– Թուրքիան հայտարարում է, որ մրցաշարը բարձր մակարդակով է անցնում, բայց դա այդպես չէ: Բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ կան: Չէի սպասում, որ Օլիմպիադան այսքան վատ վիճակում կլինի: Շատերին չի գոհացնում այս մրցաշարը: ՖԻԴԵ-ն պետք է շատ ավելի լուրջ վերաբերվի այս կարգի մրցաշարերին: Եթե շախմատիստները գոհ չեն պայմաններից, ապա կազմկոմիտեն պետք է պատասխան տա:
– Ինչպե՞ս եք գնահատում Բաքվի հնարավորությունները:
– Տվյալ պահին սպորտը կապված է քաղաքականության հետ: Բոլորը գիտեն, որ Ադրբեջանում սպորտի զարգացումն անմիջականորեն կախված է երկրի ղեկավարությունից: Երկրի ղեկավարը շահագրգռված է շախմատի և ընդհանուր սպորտի զարգացման հարցում: Այդ պարագայում Բաքուն ֆավորիտ է:
– Չեք ցանկանում առաջիկայում այցելել Բաքու:
– Բոլորին է հայտնի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, այդ պատճառով այժմ իմ այցը Բաքու բացառված է: Քանի դեռ երկու երկրների միջև կոնֆլիկտը հարթված չէ, ես չեմ կարող գնալ Բաքու: Կարծում եմ` այդ կոնֆլիկտը հարթելու ժամանակը վաղուց եկել է: Դա վնասում է միայն սովորական մարդկանց: Կողմերը պետք է վերջապես ընդհանուր հայտարարի գան:
– Եթե Բաքուն անցկացնի 2016 թվականի Օլիմպիադան, Ձեզ կտեսնե՞նք Ադրբեջանում:
– Հնարավոր է մինչև 2016 թվականը Հայաստանն ու Ադրբեջանը լուծած լինեն իրենց հարցերը, այդ ժամանակ էլ կմտածեմ դրա մասին, իսկ այժմ անիմաստ է խոսել այդ թեմայով: Քանի դեռ կոնֆլիկտն առկա է, ինձ Բաքվում չեք տեսնի:
sportarmenia.com