Հայկ Կասպարովն ամուսնանում է

Երգիչ Հայկ Կասպարովը 168.am-ի հետ զրույցում տեցեկացրեց, որ պատրաստվում է մինչև տարեվերջ ամուսնանալ, քանի որ գտել է այն մեկին, ով իր «սրտին, հոգուն և էությանը մոտ է»:

«Հնարավոր է, որ երկրից գնամ և այլևս չվերադառնամ, չնայած դեռ աշխատում եմ երգերիս, ձայնասկավառակիս վրա: Չգիտեմ էլ՝ ձայնասկավառակս կթողարկե՞մ, թե՞ պարզապես առանց թողարկելու՝ երկրից կգնամ»,- ասաց Հայկը`չցանկանալով նշել, թե որ երկիր է տեղափոխվելու բնակության:

– Ե՞րբ եք պատրաստվում օրինականացնել ձեր հարաբերությունները:

– Սեպտեմբերի 17-ից կմեկնեմ իմ ապագա կնոջ մոտ, այնտեղ կլինի մեր նշանադրության արարողությունը: Հարսանիքը կլինի կա՛մ արտերկրում, կամ այստեղ՝ Հայաստանում: Կինս հայ է, անունը՝ Լուիզա: Շոու-բիզնեսի հետ բացարձակ կապ չունի:

Կարդացեք նաև

– Ինչպե՞ս եք ծանոթացել:

– Նա եղել է իմ երկրպագուներից, որի հետ համացանցով շփվել եմ: Բոլոր երկրպագուներիս հետ համացանցով շփվում եմ, բայց այնպես չէ, որ բոլորի հետ կարող եմ հանդիպել: Մեր հանդիպումը շատ պատահական ստացվեց: Երևանում հանդիպեցինք, երբ նա եկել էր այստեղ հանգստանալու: Ծանոթացանք, շփվեցինք, և որոշ ժամանակ հետո մեր հարաբերությունները հասան այս մակարդակին:

– Ինչպիսի՞ աղջիկներ են քեզ դուր գալիս: Ինչպիսի՞ն է հարսնացուդ:

– Եղել են ֆավորիտներ, ռուսական արտաքինով, մոդելային կազմվածքով աղջիկներ, որոնք ինձ շատ էին դուր գալիս, բայց իմ հարսնացուն մոդելային կազմվածք չունի: Ունի շատ գեղեցիկ ժպիտ, ինձ համար շատ գեղեցիկ է թե՛ հոգով, թե՛ սրտով, թե՛ արտաքնապես: Նրա մեջ այնպիսի գեղեցկություն կա, որը ես փնտրել եմ միշտ: Նա ունի ուկրաինական արմատներ: Մեր հետագա հանդիպումների ընթացքում վերջապես պարզեցի, որ իր տատիկն ուկրաինացի է: Արտաքինի մեջ ինչ-որ հետաքրքիր բան կա: Իր հետ շատ հետաքրքիր է անցնում իմ ժամանակը: Համացանցում որքան որ լինում եմ, լինում եմ միայն իր հետ խոսելու համար: Նա այնտեղ աշխատում և սովորում է: Ունեն փոքրիկ ընտանեկան բիզնես, որտեղ աշխատում են ամբողջ ընտանիքով: Տուրիզմի ուղղությամբ է սովորել, ապա ստացել է սոցիոլոգի որակավորում:

 – Հայ տղամարդիկ չեն սիրում շպարված, կարճ փեշերով աղջիկների: Դու ի՞նչ չես սիրում:

– Իմ ապագա կինը շպարվելու հետ ընդհանրապես սեր չունի: Երբ ես իրեն առաջին անգամ տեսա, բնականաբար, հանդիպման ժամանակ աշխատել էր շպարվել, ավելի գեղեցկանալ, և երբ ես հաջորդ օրը նրան կրկին առանց շպարի տեսա, ասեցի` «կլինի՞ էլ ընդհանրապես չշպարվես, դու այդպես շատ ավելի գեղեցիկ ես»: Պետք է շպարվել, պետք է գեղեցկանալ, բայց ամեն բան չափի մեջ պետք է լինի: Լինում են աղջիկներ, որոնք հեռվից քեզ գեղեցիկ են թվում, բայց երբ մոտենում և տեսնում ես դեմքի հաստ «գաջը», հիասթափվում ես: Չես կարողանում պատկերացնել, թե նա առանց շպարի կամ առավոտյան ինչ տեսք կունենա: Կարճ փեշերն էլ են  պետք, եթե աղջիկն ունի գեղեցիկ ոտքեր՝ ինչո՞ւ է դրանք թաքցնում, կամ, եթե ընկերոջը դուր է գալիս, ինչո՞ւ պետք է երկար փեշեր կամ տաբատ հագնի:Ես ընդհանրապես չեմ սիրում, որ աղջիկները տաբատ են հագնում: Աղջկան առավել սազական է շրջազգեստը, կարևոր չէ` կա՞րճ, թե՞ երկար, կարևորը` նրան սազի:

– Աղջիկների մեջ ի՞նչն է քեզ դուր գալիս, ի՞նչը՝ ոչ:

– Չեմ սիրում, երբ աղջիկը գոռոզ և ինքնասիրահարված է լինում, չեմ սիրում դատարկ, սուտասան աղջիկների: Սիրում եմ նրանց, ովքեր խոսում են միայն այն բաների մասին, ինչից գաղափար ունեն: Ամենակարևորը` մարդը պետք է պարզ լինի: Երբ մարդը լինում է պարզ և անկեղծ, ինչ-որ բան հետո քեզ ստիպում է նորից նրան հանդիպել, նորից տվյալ մարդուն տեսնել:

– Քանի՞ ընկերուհի ես ունեցել՝ մինչ հարսնացուդ:

– Եկեք այդ թեման շրջանցենք: Հարսնացուս շատ խանդոտ է: Ես չէի պատկերացնում, որ կողակիցս կարող է այդքան խանդոտ լինել, երբեմն-երբեմն խանդը չի կարողանում թաքցնել անգամ իմ ամենամտերիմ ընկերների հանդեպ: Ես հասկանում եմ, և նա էլ վերջերս ասաց, որ իր խանդի միակ պատճառն այն է, որ ես իրենից հեռու եմ: Երբ լինեմ իր կողքին` նա էլ չի խանդի:

– Դու խանդո՞ւմ ես:

– Ես, բնականաբար, խանդում եմ: Բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ աշխատում եմ խանդս ցույց չտալ, հետո ինչ-որ պետք է՝ թաքուն հետաքրքրվում, ճշտում եմ:

 – Դու հետաքրքրվե՞լ ես, թե ովքեր են ընկերուհուդ ընտանիքի անդամները:

– Ես չեմ հետաքրքրվել: Չնայած իր մայրիկի հետ ծանոթ եմ: Շատ կիրթ ընտանիքի աղջիկ է: Ծանոթացել եմ այն ժամանակ, երբ նա արդեն պետք է մեկներ: Գիտեմ միայն այդքանը, քանի որ նման պարզ մարդուց որևէ այլ բան հետաքրքրվելն անիմաստ կլիներ:

– Որքանո՞վ ես ճանաչում ընտրյալիդ:

– Երբ խանդի տեսարանները չեն լինում, կարող եմ ասել, որ ճանաչում եմ: Բայց երբ սկսվում են խանդի տեսարանները` ընդհանրապես նրան չեմ հասկանում: Այդ ժամանակ նա էլ փորձում է այնպես անել, որ ես էլ իրեն խանդեմ, բաց մեր ՝ խանդի հողի վրա առաջացած փոքրիկ վեճերը տևում են առավելագույնը 10 րոպե:

– Հե՞շտ եք հասկանում միմյանց:

– Այո, հեշտ ենք հասկանում: Ամենակարևորը, ինչ-որ պետք է իրեն հասկացնել, կարողանում եմ բացատրել, և նա ամեն ինչ ճիշտ ընդունում, հասկանում է:

– Արդեն գիտե՞ք` որտեղ եք ապրելու, այստե՞ղ, թե՞ դրսում:

– Քանի որ նա այնտեղ սովորում է, ես էլ այդքան շոյված ու հիացած չեմ Հայաստանով, երևի՝ այնտեղ: Ճիշտ է, ինձ համար դժվար կլինի հարազատներից, ընկերներից հեռու ապրել, բայց եթե ես իր ուսմանը պետք է խանգարեմ մեր ամուսնությամբ, ես կմնամ այնտեղ:

– Ի՞նչը կարող ես ներել, ընդունել, ի՞նչը ՝ ոչ:

– Այն մարդիկ, որոնց հետ շփվում եմ, գիտեն, որ ամեն բան էլ փորձում եմ ներել: Ներում եմ, բայց այդ մարդիկ իմ կյանքում այլևս չեն մնում: Ես իրենց հետ հետագայում պարզապես շփում չեմ ունենում: Իրենք արդեն ինձ համար եղած-չեղած միևնույնն են լինում: Երբ զգում եմ, որ մարդն այլևս ինձ համար ճիշտ քայլեր չի անում, փակում եմ իր հետ կապված էջն ու աշխատում եմ մոռանալ իրեն: Այդպիսի դեպքեր իմ կյանքում եղել են;

– Սպասել սիրո՞ւմ ես:

-Ես այնքան շտապող մարդ եմ էությամբ: Անգամ երգ ձայնագրելու պահն է ինձ համար շատ արագ լինում, եթե նույնիսկ չեմ էլ պատկերացնում՝ ինչ է լինելու վերջում: Ինձ մոտ սպասել չի ստացվում, ես միշտ, չգիտես ինչից, ուշանում եմ: Ուզում եմ ամեն ինչ հասցնել:

– Վտանգավոր բնավորության գիծ չէ՞, չե՞ս վախենում սխալներ գործել:

– Երևի տարիքի հետ դա էլ կփոխվի: Շտապելուս պատճառով լուրջ հետևանքներ չեն եղել: Բայց եղել են դեպքեր, որ եթե չշտապեի, ամեն բան կարող էր ավելի լավ լինել: Եղել է և հակառակը:

– Ինչի՞ համար ես ափսոսում:

-Շատ բաներ կան, որոնց համար ափսոսում եմ: Եթե 4 տարով ժամանակը հետ տային, հաստատ ավելի լավ ու հեշտ կլիներ ինձ համար:

 – Ինչը՞ կփոխեիր:

– Շատ բաներ կան, որ կփոխեի, շատ բաներ կա, որ՝ ոչ: Միգուցե ավելի հարգված, սիրված լինեի, և ինձ ավելի շատ սիրեին, քան այսօր:

– Ի՞նչն է քեզ հիասթափեցրել:

– Ես այստեղից ոչինչ չեմ սպասում էլ: Մեկ է, ինչ էլ որ անես, մարդիկ կան, որ փորձում են քեզ խանգարել: Կարևոր չէ, թե դու փորձում ես շատ կարևոր բան անել, շատ հաջողված, որակով, այդ լավի մեջ էլ են վատ բան տեսնում և արածդ հավասարեցնում են զրոյի: Հետո սկսվում են քո անձի, քո արածի շուրջ բուռն քննարկումները:

– Քննադատողները շոու-բիզնեսի՞ց են:

– Ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ շոու-բիզնեսի՞ց են, թե՞ չէ, բայց իրենց միջից էլ կլինեն: Անունով չգիտեմ և չի էլ հետաքրրքրել: Մի պահ կար, որ փորձում էի ճշտել, թե ովքե՞ր են, ի՞նչ են ուզում, բայց հետո հասկացա, որ անիմաստ է այս երկրում ինչ-որ բանի համար պայքարելը:

– Շոու-բիզնես հե՞շտ ես մուտք գործել:

– Ինձ երբեք ոչինչ հեշտ չի տրվել: Ամեն ինչ սկսել եմ ինքնուրույն, իմ եղբոր և ընտանիքիս ֆինանսական օգնությամբ: Ի զարմանս ինձ, հենց առաջին տեսահոլովակը բոլոր ալիքներով ցուցադրվեց, երկրորդ տեսահոլովակս էլ ինչ-որ չափ պտտվեց եթերում, բայց հետո իմ առաջ դռները փակվեցին, չգիտես ինչու` անտարբերություն զգացի գրեթե բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Կան մարդիկ, որոնք ուրիշ տարբերակներով, ձևերով են իրենց տեսահոլովակները ցուցադրում, բնականաբար, եթե ես այդ հնարավորությունները չունեմ, ուրեմն պետք է հարմարվեմ այն հնարավորությանը, որը ես ունեմ:

– Որքա՞ն է այսօր երգիչ-երգչուհիների համար տեսահոլովակը եթերում ցուցադրելու գումարի չափը:

– Չգիտեմ, երբևէ չեմ տվել, եթե տայի՝ կիմանայի: Որոշ ալիքներ ցուցադրել են իմ տեսահոլովակը, բայց այդպես էլ ոչ մի լուրջ միջոցառման, համերգի, խմբակային ելույթների ինձ չեն հրավիրել: Պատճառը չի հետաքրքրել, որովհետև այդ երկու կոպեկն ինձ չէր հետաքրքրում: Ես արտերկրի հանդիսատեսից գումար էլ, ջերմություն էլ ստացել եմ շատ ավելի, քան այստեղի հանդիսատեսից:

– Նոր աշխատանքներ պատրաստո՞ւմ ես:

– Տարեսկզբից տեսահոլովակ նկարահանեցի «Սիրող տողեր» երգի հիման վրա, որը նվիրել եմ ապագա կնոջս, այնուհետև «Գթա» երգի տեսահոլովակն արեցի: Հիմա բոլոր իմ տեսահոլովակների կադրերով տեսաշար եմ հավաքել՝ «Դու գիտես» երգի ռեմիքս տարբերակի վրա: Այդ երգը գրվել էր 2010թ. «Եվրատեսիլ» մրցույթի համար և «Եվրատեսիլի» կայքում ֆավորիտ էր համարվում, բայց երգն անգամ չանցավ նախընտական փուլ: Ձայնասկավառակս կոչվում է՝ «Ես կամ նա». հենց այդ անվանումով երգի հիման վրա արդեն նկարել եմ տեսահոլովակը և հուսով եմ՝ մի քանի օրից այն պատրաստ կլինի:


Տեսանյութեր

Լրահոս