
Բյուրականի աստղադիտարանը տեխնիկապես զիջում է շատ երկրների

Որևէ գիտաժողովի մասնակցելու համար հայ գիտնականներն իրենք պետք է գումար գտնեն, իսկ պետությունն այս հարցի նկատմամբ բացարձակապես անտարբեր է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի Աստղադիտարանի գիտաշխատող Արեգ Միքայելյանը:
Ըստ նրա՝ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում օգոստոսի 20-31-ը կայացած՝ Միջազգային աստղագիտական միության գլխավոր ասամբլեային մասնակցելու համար նա ինքն է լուծել գումարային բոլոր հարցերը: «Իսկ օլիմպիադայի ընթացքում, օրինակ, հայ բոլոր մարզիկների համար ստեղծվել էին անհաժեշտ պայմաններ, պետույթյունը հոգացել էր նրանց ծախսերը»,- ասում է Արեգ Միքայելյանը: Վերջինս համոզված է, որ հայ գիտնականները միշտ բարձր են պահել Հայաստանի պատիվը, հետևաբար՝ գիտությունը մեր հպարտությունը պետք է լինի:
Նա նշում է, որ Ադրբեջանի կառավարությունն, օրինակ, ինտենսիվ ֆինանսավորում է գիտությունը: «Աշխարհի առաջ նրանք փորձում են կեղծ առաջընթաց ցույց տալ, իսկ միջազգային հանրությունը դա կարող է նաև չհասկանալ. քանի որ նրանք կարող են մտածել, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույն մակարդակի երկրներ են: Հայաստանն այս առումով պետք է մտածի»:
Արեգ Միքայելյանի գնահատմամբ՝ Բյուրականի աստղադիտարանը գիտնականների հարուստ բազա ունի, բայց տեխնիկապես այն զիջում է շատ երկրների: