Սերժ Սարգսյանի ընտրությունը Վիկտոր Դալլաքյանի առումով վատերից չէ
Գառնիկ Իսագուլյանի պնդմամբ, զբաղեցրած պաշտոնից իրեն ազատ արձակելու որոշումը պայմանավորված չէ Ռոբերտ Քոչարյանի հետ իր ունեցած մտերիմ հարաբերություններով։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն:
Նշենք, որ սեպտեմբերի 6-ին երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գառնիկ Իսագուլյանն ազատվել է Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։
«Հավատացեք, բայց իմ ազատման դիմում գրելու հարցը ամենևին կապված չէ «Ռոբերտ Քոչարյանի մարդը» լինելու հետ։ Նոր Ազգային ժողով է ձևավորվել, և նոր Ազգային ժողովի համար համարժեք կադր է պետք, և նպատակահարմար գտնվեց, որ այդ մարդը Վիկտոր Դալլաքյանն է»,- ռադիոկայանի հետ զրույցում երեկ ասել է Գառնիկ Իսագուլյանը։
Նրա խոսքով` իր համար անակնկալ չէր պաշտոնից ազատելու վերաբերյալ նախագահի որոշումը։ Անգամ Վիկտոր Դալլաքյանի հետ մի քանի ամիս առաջ Ղարաբաղում զրուցել են այս թեմայի շուրջ։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ Վիկտոր Դալլաքյանը տարիներ շարունակ սուր քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանին, մինչդեռ այսօր Սարգսյանը Դալլաքյանին նշանակում է խորհրդարանում իր ներկայացուցիչ, ապա Իսագուլյանը դա նորմալ է համարում` նշելով, որ քաղաքականության մեջ ամեն ինչ անցողիկ է։
«Մարդը շատ լավ գիտակցել է այն ժամանակվա կատարածի անտեղիությունը, և հիմա շատ լավ միմյանց հետ աշխատում են և, կարծում եմ, նախագահի ընտրությունն այս առումով վատերից չէ»,- մեկնաբանել է Իսագուլյանը։
Պաշտոնից ազատվելուց հետո Իսագուլյանը մտադիր է ակտիվացնել իր ղեկավարած «Ազգային անվտանգություն» կուսակցությունը և պատրաստվել մի քանի ամսից կատարվելիք նախագահական ընտրություններին։
Նրա խոսքով` չնայած պաշտոնից ազատվելու հանգամանքին, շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի թիմում և ամենայն հավանականությամբ նախագահական ընտրություններում կսատարի հենց գործող նախագահին։
Հարցին` եթե առաջիկայում քաղաքականապես ակտիվանա նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հնարավո՞ր է, որ ինքը հայտնվի Քոչարյանի կողքին (նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Իսագուլյանը տարիներ շարունակ Քոչարյանի խորհրդականն էր ազգային անվտանգության հարցերով), Գառնիկ Իսագուլյանը պատասխանել է.
«Ես և’ Սերժ Սարգսյանի կողքին եմ՝ շատ հարգում ու սիրում եմ այդ մարդուն։ Մենք լավ ընկերներ ենք։ Ես չեմ թաքցնում, որ ես առիթի դեպքում անպայման հանդիպելու եմ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա եղել և մնում է իմ լավագույն ընկերներից մեկը։ Եթե կյանքն այնպես դասավորվի, որ երկուսն էլ առաջադրվեն, հավատացեք, որ ես բավականին լուրջ զրույց կունենամ երկուսի հետ էլ, որպեսզի հասկանամ, թե ինչ է տեղի ունենում: Բայց ես չեմ կարծում, որ նման երևույթ լինի՝ երկուսն էլ միաժամանակ առաջադրվեն։ Ես կարծում եմ՝ բոլոր հնարավորությունները կան, որ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարի երկրորդ ժամկետը և կարծում եմ երկրորդ ժամկետը շատ ավելի բեղմնավոր կլինի քան առաջինը, որովհետև առաջինին նախորդեցին մարտյան դեպքերը։ Ըստ էության, մենք ներքին քաղաքական ճգնաժամ էինք հաղթահարում մի քանի տարի։ Եղավ համաշխարհային տնտեսական մեծ ճգնաժամը։ Եվ հիմա Սերժ Սարգսյանը շատ ավելի մեծ հնարավորություններ է ունենալու այն խնդիրները, որ մինչև այսօր լուծված չեն՝ լուծելու։ Ինչո՞ւ չէ՝ նաև կադրային խնդիրներ։ Սերժ Սարգսյանի համար հնարավորություն է տրված երկրի զարգացման, բարոյահոգեբանական, քաղաքական իրավիճակը լավացնելու։ Պատմության մեջ մնալու խնդիր մարդ պիտի դնի իր առաջ»։
Ինչ վերաբերում է խորհրդարանում նախագահ Սերժ Սարգսյանի նորանշանակ ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանին, ապա Իսագուլյանը խոստացել է իր նշանակման հետ կապված հարցերին պատասխանել հենց խորհրդարանում իր մյուս շաբաթ մեկնարկող նստաշրջանի ընթացքում։
Ի դեպ՝ չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը առաջիկայում կստանա ևս մեկ պաշտոն։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, նա նշանակվելոի է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
Հիշեցնենք, 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Վիկտոր Դալլաքյանը դարձավ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության անդամ, սակայն նրան չհաջողվեց մտնել խորհրդարան։