Բաժիններ՝

Վրաստանը հիացրել է Բագրատ Ասատրյանին

«Պարզապես խորհուրդ կտամ մեր կառավարությանը, որ հերթական նիստ անելու փոխարեն՝ նստեն մեքենան և մեկնեն Վրաստան ու տեսնեն՝ այնտեղ ինչ է կատարվում… Երբ անցնում ես սահմանը և հասնում մեր մաքսակետ, հասկանում ես, որ մենք քաղաքակրթությունից բավականին հեռու ենք»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Համեմատական տանելով նախորդ տարիների հետ, այսօր Վրաստանը բավականին զարգացած և առաջադեմ երկիր է, ինչո՞ւ չէ, նաև մատչելի՝ ծառայությունների առումով: Ես այս տարի այնտեղ մի քանի օր եմ անցկացրել և հասկացել եմ մի պարզ բան. վրացական ծովափնյա քաղաքներն ամեն առումով տրամադրում են ավելի որակյալ հանգիստ, քան նույն հայաստանյան Ծաղկաձորը»,- ասաց Բ.Ասատրյանը:
Ըստ նրա՝ Վրաստանում համաչափ է զարգանում տնտեսական ոլորտը: «Պարզապես խորհուրդ կտամ մեր կառավարությանը, որ հերթական նիստ անելու փոխարեն՝ նստեն մեքենան և մեկնեն Վրաստան ու տեսնեն՝ այնտեղ ինչ է կատարվում: Հարկավոր է միայն նստեն մեքենաները ու սահմանը կտրեն՝ հասնեն Վրաստան: Այնտեղ ակնհայտ լավ է: Անգամ մարդիկ են ավելի քաղաքակիրթ: Երբ անցնում ես սահմանը և հասնում մեր մաքսակետ, հասկանում ես, որ մենք քաղաքակրթությունից բավականին հեռու ենք: Եթե մաքսատան պետական աշխատակիցն արևածաղիկ ուտելով է դիմավորում Հայաստան եկող քաղաքացիներին և «դուք»-ով դիմելու փոխարեն՝ դիմում է՝ «հոպար», հասկանում ես Հայաստանի քաղաքակրթության մակարդակը»:
Բ. Ասատրյանը նշում է, որ հայկական մաքսակետը գտնվում է վրացականից ընդամենը 100 մետր հեռավորության վրա, սակայն ակնհայտ է, որ վրացականը եվրոպական չափանիշներին համապատասխան մաքսակետ է, իսկ մերը, Ասատրյանի բնորոշմամբ՝ «չես իմանում՝ ինչ»:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանում նման իրավիճակ, և ինչպե՞ս բարելավել դրությունը, Բ.Ասատրյանը պատասխանեց. «Այս ամենից հասկանում ես մի բան, որ Վրաստանի իշխանությունները մտածում են երկրի մասին, նրանց ամեն մի իշխանավոր ջանում է անել ամենը, որպեսզի ինչ-որ բան փոխվի և դառնա ավելի լավ, իսկ Հայաստանում իշխանությունները ո՛չ սիրում են մտածել, ո՛չ էլ ջանում են բան փոխել: Քանի որ կա մի պարզ պատասխան՝ մեր իշխանությունները անհամբեր սպասում են, որ տեսնեն, թե ինչ է անելու երկրի նախագահը: Սեփական նախաձեռնությունը բացակայում է իսպառ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս