
«ԲՀԿ-ն դուրս եկավ կառավարության կազմից, որովհետև հակասություններ ունի կառավարության ղեկավարի հետ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր հայտարարել է, որ եթե «վարչապետ Տիգրան Սարգսյան ու Ֆլեշի Բեգլարյան Բարսեղ երկյակը չհանգստանա ու շարունակի տառապել Ծառուկյանի հեղինակությամբ և վարկանիշով», ապա հանրությունը կտեղեկանա այն ամենին, թե ինչպես Տիգրան Սարգսյանի եղբայրը, փեսան, հորեղբայրը և մնացյալ բարեկամներն ու ֆավորիտները միայն իրավունք ունեն «շահելու» այս կամ այն տենդերը, թե ինչպես հենց այս պահին Տիգրան Սարգսյանի եղբոր հրահանգով ապամոնտաժվում են Մասիս-էջմիածին հատվածի ոռոգման ջրի խողովակներ՝ գյուղացիներին զրկելով իրենց այգիները ոռոգելու վերջին հնարավորությունից, քանզի վարչապետի եղբայրը որոշել է հէկ կառուցել, և ԲՀԿ-ն շատ ավելի բաց և հրապարակային կխոսի ««Նաիրիտի» էպոպեայի, Հնդկաստանից ներկրված և մեր ժողովրդին տևական ժամանակ գոմեշի սատկած միս մատակարարած իրական պատասխանատուների և շատ ու շատ այլ բաների մասին»։
Այս կապակցությամբ 168.am-ը հետաքրքրվեց Տիգրան Ուրիխանյանից, թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի` «կխոսենք շատ այլ բաների մասին» ասելով:
«Այլ մանրամասների վերաբերյալ ես հանդես կգամ լրացուցիչ հայտարարությամբ և կտեղեկացնեմ»,- ի պատասխան՝ ասաց Տ. Ուրիխանյանը` խոստանալով այդ ինֆորմացիան «առանձնակի ձևով» տրամադրել 168.am-ին:
Իսկ ինչո՞ւ է ԲՀԿ-ն սկսել այդքան շատ խոսել վարչապետի փոփոխության անհրաժեշտության մասին և անողոք կերպով քննադատել կառավարության գործունեությունը հատկապես հիմա, այսինքն` այն շրջանում, երբ քաղաքական դաշտում լայնորեն շրջանառության մեջ է դրվել այն տեղեկությունը, թե ԲՀԿ-ն նախագահ Սարգսյանին նախագահական ընտրություններին սատարելու դիմաց՝ պահանջում է վարչապետի պաշտոնը:
Մեր այս հարցին ի պատասխան՝ ԲՀԿ խոսնակն ասաց. «Այդ խոսակցություններն, իհարկե, ասեկոսեներ են և անհիմն են: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ հենց հիմա, ապա միայն հիմա չէ. կոալիցիոն հուշագիր չկնքելուց և համատեղ կառավարման չգնալուց սկսած՝ մենք նույն բանն ենք ասել, որևէ նոր բան չկա: Մեզ չէր գոհացնում կառավարության քաղաքական կուրսն ու կառավարման տարբերակը, դրա համար էլ մենք դուրս եկանք կառավարության կազմից, որովհետև ունենք հակասություններ կառավարության ղեկավարի և կաբինետի հետ»:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակվել էր մի հոդված, որտեղ նշվում էր այն մասին, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով Ազգային անվտանգության խորհրդի անդամ է, չի մասնակցել նախագահ Սարգսյանի կողմից սեպտեմբերի 1-ին հրավիրված ԱԱԽ-ի նիստին: «ԱԱԽ նիստին Գագիկ Ծառուկյանի չմասնակցելու փաստը երկու տրամաբանական բացատրություն կարող է ունենալ` կամ ԲՀԿ առաջնորդը չի ցանկացել մասնակցել նիստին, կամ էլ նրան չեն հրավիրել: Լինենք անկեղծ. Գագիկ Ծառուկյանն ընդամենը օլիգարխ է… նա չունի այն կրթական հենքը, արժեհամակարգն ու ինտելեկտուալ կարողությունները, որ նրա կարծիքը հետաքրքիր լինի ԱԱԽ անդամներին»,- գրված է հրապարակման մեջ:
Հենց այս հրապարակմանն ի պատասխան էր Ուրիխանյանը հայտարարություն տարածել` նշելով, որ տվյալ թերթի «գաղափարական և ֆինանսական հայրերը վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ֆլեշի Բեգլարյան Բարսեղն են»։