Եթե ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի, «Ժառանգություն» կմասնակցի նախագահական ընտրություններին
Եթե ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի, «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով. «Ֆորսմաժորային իրավիճակ ասելով՝ նկատի ունեմ այն, որ ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ կարող է լինել»:
Նախագահական ընտրությունները, նրա հավաստմամբ, շատ կարևոր են լինելու: Հաշվի առնելով նաև արտաքին քաղաքական իրավիճակը, ըստ նրա` Հայաստանը բավականին կարևոր ընտրություն պետք է իրականացնի:
«Սեպտեմբերի սկզբին, հոկտեմբերի վերջին պարզորոշ կդառնա, թե ո՞ր քաղաքական ուժն ինչ դիրքորոշում ունի: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում առաջադրվող մեր թեկնածուին, մենք լավագույն թեկնածու տեսնում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս կարծիքին է նաև կուսակցականների ճնշող մեծամասնությունը: Կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե Ր. Հովհաննիսյանը մասնակցեր»,- ասաց նա:
Նաև հավելեց. «Բայց, թե ինչպիսի՞ն կլինի նրա որոշումը, կախված է միայն Րաֆֆի Հովհաննիսյանից. ինքը պետք է որոշի` մասնակցե՞լ, թե՞ ոչ»:
Ա. Մարտիրոսյանի խոսքով` միշտ չէ, որ համընկնում են ու համախմբվում են ընդդիմության դեմքերը, ծրագրերը: «Չեմ կարծում, որ սա «Ժառանգության» պայքարի վրա մեծ ազդեցություն կունենա, ես մեծ ողբերգություն սրանում չեմ տեսնում: Ինչ վերաբերում է իշխանության թեկնածուին, կասկած չունեմ, որ դա կլինի գործող նախագահը: Իսկ ԲՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք իրենց ներկայացնում են որպես այլընտրանք, կարծում եմ`իրենց թեման մի փոքր այլ է: ԲՀԿ-ն կարող է ունենալ իր թեկնածուն, կարող են պաշտպանել գործող նախագահին. դա իրենց որոշելու խնդիրն է»,- եզրափակեց նա: