«Հայկազ Քոչինյանը տեղով կրիմինալ ա»

Լոռու մարզի Շնող գյուղի բնակչությունը պատրաստվում է սեպտեմբերի 9-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Երկու թեկնածուներ են առաջադրվել` 1996 թվականից մինչ օրս գործող գյուղապետ Հայկազ Քոչինյանը և 2004թ. մինչ օրս «Հայանտառ» ՊՈԱԿ անտառների և անտառային հողերի օգտագործման բաժնի պետ Հովիկ Սահակյանը: 1991-1998թթ. ՀՀ Տրանսպորտի և հաղորդակցության նախարար, 1998-2006թթ. ՀՀ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը՝ Հայկազ Քոչինյանը, թեև Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ է, սակայն նա ինքնառաջադրվել է: 3000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղը ջուր չունի:

Այստեղ մարդիկ աղբյուրներից դույլերով են ջուր բերում: Փոխարենը՝ ջուր կա գյուղապետ Հայկազ Քոչինյանի բենզալցակայանի տարածքում: Գյուղում սարսափելի վիճակ է տիրում:

Այսօր 168.am-ը զրուցեց Լոռու Մարզի Շնող գյուղի ՏԻՄ ընտրություններում գյուղապետի թեկնածու Հովիկ Սահակյանի հետ:

Կարդացեք նաև

– Լուրեր են տարածվել այն մասին, որ Շնողի ներկայիս գյուղապետը՝ Հայկազ Քոչինյանը, գյուղում ընտրակաշառք է բաժանում: Նման դեպքերի հանդիպե՞լ եք:

– Ընտրակաշառք բաժանելու բազմաթիվ ու բազմապիսի դեպքեր գիտեմ: Նույնիսկ գիտեմ՝ ո՞ւմ միջոցով է կատարվում այդ ամենը: Ինքը, սովորաբար, դա անում ա վերջին օրերին:

– Իսկ ի՞նչ տեսքով է բաժանվում ընտրակաշառքը:

– Ընտրակաշառքը հիմնականում գումարի տեսքով ա բաժանվում, չնայած ինքը փորձում ա օգնության ձևով անել. ժողովրդին հասնող օգնության որոշ մասը պահեստավորել ա, դրանցից են տալիս՝ ձեթ ա, այլուր ա, մածուն ա… Բայց առավելապես օգտագործում ա ֆինանսականը:

– Պարո՛ն Սահակյան, նշեցիք, որ ընտրակաշառքը հիմնականում բաժանվում է գումարի տեսքով: Կարո՞ղ եք ասել՝ ինչպիսի՞ գումարների մասին է խոսքը:

Ինքն արդեն 16-րդ տարին ա՝ ստեղ աշխատւմ ա, բազմաթիվ ընտրություններ ա անցկացրել, բոլորի թույլ տեղերը գիտի: Գիտի՝ ում ինչ գնով կարա առնի. սկսած 3000 դրամից՝ մինչև 20.000 դրամ տալիս ա: Էն սկզբունքային մարդկանց, ում մի քիչ դժվար ա կառավարել` բարձր ա տալիս: Կան սոցիալապես անապահով մարդիկ, ում տալիս ա 3000 դրամ: Ինքը բոլորի թույլ տեղերը իմանում ա, գիտի` ինչպես կարելի ա ազդել մարդկանց վրա: Եթե դա չի աշխատում` դիմում ա այլ միջոցների: Հիմա ոչ քարոզարշավ ա անում, ոչ էս ժողովրդի հետ հանդիպում ա, ոչ մի բան: Բացառապես կենտրոնացած ա էդ ընտրակաշառքների վրա: Օգտագործում ա նաև Թեղուտի հանքի ֆակտորը: Ընդեղ մեծ թվով լոռեցիներ են աշխատում` մոտ մի 200 մարդ: Եթե դրանց թիվը երեքով բազմապատկենք, պատկառելի թիվ ա ստացվում: Փորձում ա էդ շարժման միջոցով ազդի ընտրողների վրա: Բայց էնտեղ էլ շատ մարդիկ կան, որ բողոք-ակցիաներին չեն գնում: Իհարկե, կան նաև մարդիկ, ովքեր հեշտությամբ դա կուլ են տալիս:

– Դուք՝ որպես գյուղապետի թեկնածու, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում ընտրակաշաքը կանխելու համար:

– Մենք փորձում ենք դրա առաջն առնել, կանխել, բայց դե, դա մի քիչ բարդ խնդիր ա, ոչ միշտ ա մեզ հաջողվում, բայց հիմա խմբեր ենք տեղավորել գյուղերի թաղամասերում: Պոտենցիալ փող բաժանողներին գիտենք, պիտի աշխատենք դա կանխենք, բայց դա շատ դժվար ա: Դեռևս մի ստվար զանգված կա, որ վերցնում ա կաշառքը: Շատ մարդիկ կան, որ գալիս-ասում են` վերցրել ենք, բայց չենք ընտրելու: Շատերը գալիս ասում են՝ վերցնե՞մ, թե՞ չէ: Ասես՝ մի՛ վերցրու, մարդը սոցիալապես ծանր վիճակում ա, դրանից էլ կզրկվի, չի լինում:

– Պարո՛ն Սահակյան, Հայկազ Քոչինյանի դեմ քրեական գործ կա հարուցված համայնքի բյուջեի միջոցներն անարդյունավետ ծախսելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

Այդ մասին ես իմացել եմ մամուլից: Նա ինքը տեղով կրիմինալ ա: Երբ էլ ուզեն` նրա դեմ գործ կհարուցեն, որովհետև, եթե նրա գործունեությունը վերլուծում ես, 16 տարին լի ա կրիմինալով: Նա չի էլ աշխատում: Ասում ա՝ էս անգամ էլ որ ընտրվեմ, գյուղի համար եմ աշխատելու, այսինքն՝ խոստովանում ա, որ մինչև հիմա գյուղի համար չի աշխատել: Նա զբաղված ա իր գրպանի խնդիրները լուծելով: Մամուլում կարդացել եմ, որ հանքավայրի շահագործման նպատակով Թեղուտ ՓԲԸ-ն 1 հա վարելահողը շնողցիներից գնել է 560 հազար դրամով, իսկ Հայկազ Քոչինյանը գերեզմանոցի հարևանությամբ գտնվող 1 հա-ից էլ պակաս հողը առել ա մեծ գումարով ու տարածքը ցանկապատել: Այդ ինչպե՞ս է եղել: Ըստ մամուլի՝ իբր նա դրա վրա 22 մլն դրամ ա ծախսել, բայց ծիծաղելի աշխատանք ա արված: Իրականում այդ գործը կարելի էր ընդամենը 1-1.5 մլն դրամով անել: Գյուղի՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հուշարձանի վրա իբր թե աշխատանք ա արել, բայց դրա վրա անելու բան էլ չկա` մենակ զոհվածների անուններն են մի քիչ անձրևի ու արևի տակ քայքայվել: Բայց ասում են, թե 7 մլն գումար ա ծախսել:

Շնողը ջրի խնդիր ունի: Պատճառն այն է, որ խնդիրը հնարավո՞ր չէ լուծել, թե՞ ղեկավարությունը ոչինչ չի արել:

– Շնողը ոչ թե ջրի խնդիր ունի, այլ այստեղ ջուր ընդհանրապես չկա: Ես, 25 օր է, գյուղում եմ, երկու թե երեք անգամ ա ընդամենը ջուր եկել: Հիմա ջուրն էլ խմելու բան չի, ստեղ մի օր համաճարակ ա բռնկվելու` ինչ քարեր ասես մեջը կա: Բայց շատ վատ վիճակում ա, չափից դուրս վատ, էն դեպքում, երբ Ստեփանավան-Նոյեմբերյան ջրատարը հենց գյուղին շփվելով ա գնում: Եթե նա ցանկանար, հնարավոր էր այս խնդիրը լուծել, բայց նա գումարները փոշիացրել ա: Գյուղի միայն կենտրոնական մասերում գազ կա հիմա, մնացած մասերը չունեն: Սովետական տարիներին մենք բազմաճյուղ տնտեսություն ենք ունեցել: 469 հա այգիներ ունեինք, մինչև 3000 տոննա պտուղ էր լինում:

Հիմա մտնեք էդ նախկին այգիների տարածքը` լացելու վիճակ ա: Վարելահողերը չի օգտագործվում, չի մշակվում, տրակտորներ չկան, շարքացան չկա, սերմացուն բերում ա ինքը, իրա մոտիկներին ու մենակ ծանոթի միջոցով ա տալիս: Ասում են՝ գյուղացուն հասանելիք սերմացուն իր ֆերմայում ա աղացել ու դրանով իր անասուններին ա կերակրել, մի խոսքով` էդ մարդը պատուհաս ա էս գյուղի գլխին: Կարելի ա էդ այգիները վերականգնել: Ես իմ ընտրապաստառին գրել եմ. «Շնողը պետք ա վերելք ապրի»: Իրոք, Շնողը պետք ա վերելք ապրի, ու դրա հնարավորությունները կան: Կան առանձին հարցեր, որ լուրջ ֆինանսական ներդրումներ են պահանջում: Բայց կան նաև հարցեր, որոնք կենսական նշանակություն ունեն ժողովրդի կյանքում, մեծ գումարներ չեն պահանջում: Մեր բյուջեն էլ, բարեբախտաբար, էդքան աղքատիկ չի, կարելի ա եղած միջոցների հաշվին շատ հարցեր լուծել, որը չի արվում:

 

Տեսանյութեր

Լրահոս