«Եվրոպական արժեքները լաթի կտոր չեն»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նամակ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարթին Շուլցին, ԵԽ ԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին և «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Քրիստիան Վիգենինի:
Նաիրա Զոհրաբյանին նամակում մասնավորապես ասված է.
«Ողջ քաղաքակիրթ աշխարհն ու եվրոպական հանրությունը ցնցված են ադրբեջանա-հունգարական խայտառակ գործարքից, երբ կոնկրետ շահերի դիմաց ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան, վաճառքի հանելով եվրոպական արժեքներն ու արդարադատությունը, ավտորիտար Ադրբեջանին վաճառեց 2004 թվականին Բուդապեշտում, ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ սպային կացնահարած հրեշին։ Այս օրերին եղան տարբեր երկրների և միջազգային կառույցների նախագահների ու ղեկավարների հայտարարությունները:
Իհարկե, միշտ չէ, որ այդ հայտարարություններն ադեկվատ էին կատարված հրեշավոր գործարքին և որոշ հայտարարություններում կրկին անգամ փորձ էր արված զսպվածության կոչեր հղել տոտալիտար Ադրբեջանին և Հայաստանին հավասարապես, ինչը միանշանակ անհասկանալի և անընդունելի է։
Սակայն, որպես ԵԽ ԽՎ և «Եվրանեսթ» ԽՎ-ի պատգամավոր, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն խայտառակ փաստի վրա, որ հրեշ Սաֆարովին օդակայանում պաշտոնապես դիմավորում էին ԵԽ ԽՎ-ում և «Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության անդամները։ Սա տոտալիտար Ադրբեջանի կողմից հստակ կազմակերպված ակցիա էր, որի մեսիջը մեկն էր ու շատ պարզ՝ «Ադրբեջանի համար միջազգային հանրության, եվրոպական այն կառույցների, որտեղ այդ երկիրը ներկայացված է, կարծիքն առ ոչինչ է։
Հարգարժան պարոնայք, եվրոպական արժեքները լաթի կտոր չեն, որ մենք թույլ տանք ամեն տականքի իր ոտքերն այդ արժեքների վրա մաքրի ու խրախճանի։ Ես համաձայն եմ ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդի այն գնահատականի հետ, որ նա տվեց ադրբեջանական հրեշին արտահանձնելուց հետո՝ «Սա այն Եվրոպան չէ, որը մենք ձգտում ենք կառուցել»։ Եվ եթե մենք շատ ավելի հստակ գնահատական չտանք տեղի ունեցածին և կոնկրետ քայլեր չձեռնարկենք, մեր ընտանիքի անդամ որևէ երկիր ապահովագրված չէ, որ մի օր էլ ինքը չի դառնա նման խայտառակ գործարքի թիրախ։
Ես ակնկալում եմ Ձեր հստակ արձագանքն ու գնահատականը և հույս ունեմ, որ այս հարցը բաց և հրապարակային քննարկման առարկա կդառնա ԵԽԽՎ-ում, Եվրոպական խորհրդարանում և «Եվրանեսթ» ԽՎ-ում»։